Հայաստանի վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականը անակնկալ և անսպասելի էր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի համար: Ապրիլի 10-ին հրավիրված ասուլիսում նա նշեց, որ երկրում հրաժարականի համար նախադրյալներ չկային, քանի որ Հայաստանում եղել են ավելի խոր ճգնաժամային իրավիճակներ, սակայն վարչապետի հրաժարական տեղի է ունեցել: Նրա համոզմամբ' Սարգսյանի հրաժարականը ոչ թե պարտադրած էր, այլ անձնական որոշում: Իսկ նոր վարչապետից ակնկալիքներ, նրա խոսքով, չունի ոչ միայն կուսակցությունը, այլ նաև հասարակությունը: «Հասարակության մեջ տիրում է իրավիճակ, երբ գերակայող է այն մտածելակերպը, որ ով էլ նշանակվի, երկրում որակական փոփոխությունների չի բերի»,-ասաց Գալստայնը: Նրա կարծիքով' անհրաժեշտ են կառավարության համակարգային փոփոխություններ, մտածելակերպի փոփոխություն, որը պետք է նպաստի երկրում բարեկեցիկ կյանքի հաստատմանը:
Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի գործունեությանը, Նարեկ Գալստյանը նշեց, որ նա թողել է դրական երևույթներ, բերել է նոր քաղաքական մշակույթ և հանդուրժողականություն: «Թեպետ Տիգրան Սարգսյանն ամենաքննադատված վարչապետերից մեկն էր և առկա էր հստակ տրամադրվածություն նրա հանդեպ, սակայն իշխանական իր լծակների միջոցով, նա երբեք չի փորձել լռեցնել իր ընդդիմախոսներին, մեր խորին համոզմամբ' Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ վարչապետ էր»,-նշեց Գալստյանը: