Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները նպատակ ունեն առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանը ներգրավել բարձր տեխնոլոգիաների 20 առաջատար երկրների շարքում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 14-րդ տարեկան համագումարի ժամանակ 2014-2018 թթ. ռազմավարությունը ներկայացնելիս այս մասին նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը: «Մեր ռազմավարությունը պետք է հավակնոտ լինի, պետք է բարձր ցուցանիշներ որդեգրենք ու հասնենք դրանց: Մեր գերնպատակն է փոխել երկիրը, այսինքն' բարձր տեխոնոլոգիաների ոլորտում հասնել նրան, որ փոխվի երկիրը, քանի որ մենք համոզված ենք, որ որևէ ոլորտ չի կարող այնքան հեռանկարային լինել Հայաստանի տնտեսության համար, որքան բարձր տեխնոլոգիաների ոլորտն է»,-ասաց Հայկ Չոբանյանը:
Նրա խոսքով' առաջիկա հինգ տարիների ռազմավարության նախագծի հիմնական ուղղություններն են Հայաստանի բարձր տեխնոլոգիական ապրանքանիշի ստեղծումն ու զարգացումը, կրթության որակի և աշխատուժի բարելավումը, կառավարության հետ աշխատանքը, ձեռներեցության զարգացումը: «Այս նպատակներն իրականացնելու համար պետք է աշխատանքային խմբեր ձևավորվեն, որոնց նպատակը կլինի միջոցառումների կազմակերպումը, հանրային իրազեկումը, ծրագրերի իրականացումը, շահերի պաշտպանությունը»,-ասաց Հայկ Չոբանյանը:
«Հայաստանի տեխնոլոգիական բրենդի ստեղծումն ու առաջխաղացումն առաջիկա հինգ տարվա մեր ռազմավարության կարևոր մասերից է: Բրենդն ունենալու է «Surprising Engineering» անվանումը, որը Հայաստանը ճանաչելի է դարձնելու իր անակնկալ տեխնոլգիական լուծումներով: Մենք պետք է այնպես անենք, որ աշխարհը մեզ ճանաչի որակով, ստեղծագործականությամբ, նոր տեխնոլոգիական պայմանների հնարավորություններով»,-ասաց բանախոսը:
Հայկ Չոբանյանի ներկայացմամբ' նոր ռազմավարությամբ իրենք խնդիր են դնում բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել տնտեսական զարգացման ազգային ռազմավարության գլխավոր ուղղությունը: «Մենք կարծում ենք, որ շատ կարևոր կլինի ունենալ ՀՀ նախագահի խորհրդական բարձր տեխնոլոգիաների գծով, ունենալ բարձր տեխնոլոգիաների զարգացման աշխատանքային խումբ պառլամենտում, ինչպես նաև պատգամավորներ բարձր տեխնոլոգիական ոլորտից»,-նշեց նա' հավելելով, որ պետական կառավարման մարմինների պատասխանատուների ՏՀՏ գրագիտությունը բարձրացնելը ևս իրենց հիմնական նպատակներից է:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: «Արձանագրենք, որ Հայաստանում ՏՏ ոլորտը հասել է շատ մեծ հաջողությունների, բայց դեռ շատ մեծ անելիքներ ունենք: Ես հուսով եմ, որ այն ծրագիրը, որն այսօր այս համագումարը կքննարկի, կնպաստի այս ոլորտի ավելի մեծ հաջողությունների ապահովմանը»,-ասաց Կարինե Մինասյանը' նշելով, որ ՀՀ կառավարությունը քայլեր է անում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միջավայրի ձևավորման ուղղությամբ:
Կարինե Մինասյանը, ծանոթանալով ռազմավարության նախագծին, նշեց, որ ունի մի քանի դիտողություններ դրա վերաբերյալ: «Հիմա չեմ անդրադառնա ռազմավարության դրական կողմերին, ուզում եմ նշել այն խնդիրները, որոնք տեսա: Ներկայացված ծրագիրն ուղղակի կապ չունի ՀՀ կառավարության կողմից որդեգրված ամբիցիոզ ծրագրերի հետ, ինչը հիմնական պրոբլեմն է: Դրա համար էլ չենք կարող հաջողության հասնել' գործելով առանձին-առանձին: Բացի դրանից, ես չտեսա աշխարհի ՏՏ ոլորտում հայտնվելու ձեր տեսլականը, որ պետք է լիներ ամենակարևորը»,-նշեց Կարինե Մինասյանը' առաջարկե լով միասնական աշխատել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման համար: