Եվրամիությունը 2,6 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում սահմանների համալիր կառավարման որակը բարձրացնելու և անցակետերը նորագույն տեխնոլոգիաներով զինելու համար։ «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» ու «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 4,3 մլն եվրո, նպատակ ունի հայ-վրացական սահմանի անցման կետերում ներդնել եվրոպական չափանիշներին համապատասխանող համալիր կառավարման տեխնոլոգիաներ, որոնք ուղղված կլինեն միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը և մարդկանց շարժի դյուրացմանը։ Ծրագրի մեկնարկային համաժողովի ժամանակ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ սահմանների կառավարման համար պետք է կիրառվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ հնարավորինս հեշտացնելով և ավելի կանխատեսելի միջավայր տեղափոխելով մաքսավոր-գործարար հարաբերությունները։ «Այս ծրագրով Հայաստանի համար նախատեսված է իրականացնել դեպի «Բագրատաշեն» անցակետ ձգվող էլեկտրական ցանցի, գազատարի, օպտիկական մանրաթելային ցանցի կառուցապատման աշխատանքները, ինչպես նաև օժանդակել համապատասխան սարքավորումների և տեղեկատվական-տեխնոլոգիական համակարգարի ձեռքբերմանը, որոնք կնպաստեն Հայաստանում «մեկ պատուհանի» գաղափարի ներդրմանը։ Սա կարելի է համարել բավական հավակնոտ հանձնառություն, որը առաջիկա տարիներին շարունակական ուշադրություն է պահանջելու։ «Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում հանրավոր կլինի պարզեցնել պետական անցակետերում սահմանային վերահսկողության և մաքսային հսկողությունը՝ բացառելով գործառույթների կրկնությունները»,- ասաց Խաչատրյանը։

 

Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ողջունեց Հայաստանի և Վրաստանի համապատասխան մարմինների հանձնառությունն ուղղված երկու երկրներում սահմանների համալիր կառավարման համակարգերի ներդրմանն ու զարգացմանը։ «ԵՄ-ի հիմքում դրված է տարածաշրջանային համագործակցությունը, և մենք նման նախաձեռնություններն օգտակար ենք համարում նաև Հարավային Կովկասի համար։ Ուստի հորդորում եմ երկու երկրների սահմանի կառավարման ոլորտի մարմիններին շարունակել իրենց փոխգործությունն ու ընդլայնել տեղեկատվության փոխանակումը,-ասաց Հրիստեան։

 

Ծրագրի շրջանակներում՝ բացի տեխնիկական վերազինումից, կիրականացվի նաև սահմանային գերատեսչությունների աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։