«Ակնհայտ դարձավ փաստորեն, որ դասական կուսակցական դաշտը Հայաստանում փլուզված վիճակում է եւ եթե ներկայացուցչական ժողովրդավարությունը փլուզվում է, միակ լուծումը նոր ներկայացուցչական մարմինների ստեղծումն է, որ ծնվելու է ժողովրդավարական հասարակությունից»,- galatv.am-ի հետ զրույցում, խոսելով հայաստանյան քաղաքական վերջին զարգացումներից, նման կարծիք հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը: Նա Հայաստանում ստեղծված ներկա վիճակը համեմատեց պատերազմի հետ՝ նկատելով, որ հաղթելու համար հրաման տվողներ ու առաջնորդներ պետք չեն, այլեւ հզոր կամավորներ ու ժողովրդի հավաքական ուժ: «Հավաքական ուժի մեջ է մեր փրկությունը, եւ դեռեւս միջնադարից մեզ համար օրենքները կարեւոր են եղել, քան լիդերները: Մեր ժողովուրդն էդ ժողովուրդն է, որ մենք չենք կարող ընդունել առաջնորդի ուժը, մենք էդ ժողովուրդն ենք եղել եւ այդ ձեւով էլ պիտի առաջնորդվենք…»:
Այսօր նա դասական կուսակցական դաշտը համարեց Հայաստանի համար մահացած կամ փլուզված, ուստի եւ այդ ավերակների վրա նոր շենք կառուցելն անիմաստ է եւ, Չուգասզյանի դիտարկմամբ, ժողովրդավարության շենքի կառուցումը պետք է սկսել բոլորովին այլ հումքից՝ քաղաքացիական ակտիվ հասարակությունից. «Հույսը ժողովրդավարական երկրորդ բաղադրիչը կամ ակտիվ ժողովրդավարության բաղադրիչն է, որ Հայաստանում այսօր գոյություն ունի, դա քաղաքացիական հասարակության ակտիվությունն է, հուսահատության ալիքը, որը առաջանում է այսօր, մեզ բոլորիս ցույց են տալիս, որ դա է ճանապարհը դուրս գալու այդ փակուղուց: Ներկայացուցչական ժողովրդավարությունը փլուզվել է, դա դեռ չի նշանակում, որ փրկություն գոյություն չունի»:
Քրիստինա Մկրտչյան