Վերջին ժամանակաշրջանում գրեթե ամենուր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ձեռքին կարելի է տեսնել iPhone հեռախոս, որի շնորհիվ նա լուսանկարում է շրջապատող գրեթե ամեն ինչ: Պարզվում է, սա նորաձեւ երեւալու հերթական մոլուցքը չէ. Ռուսաստանի վարչապետն իսկապես հետաքրքրված է լուսանկարչությամբ եւ վերջին շրջանում ողջ ազատ ժամանակը տրամադրում է լուսանկարչության մասին գրքեր կարդալուն:

 

Պարզվում է, վարչապետն արդեն երկու ցուցահանդես է բացել: Առաջինը տեղի է ունեցել Բաո քաղաքում` Ասիական տնտեսական ֆորումի ժամանակ, երկրորդ ցուցահանդեսը բացվել է ապրիլի 14-ին, Պեկինի «Գիտելիքի եւ մշակույթի ռուսական կենտրոնում»:

 

«Ռուսաստանի վարչապետը Պեկինում շատ հայտնի է, այստեղ նաեւ գիտեն լուսանկարչության հանդեպ նրա թուլության մասին: Մեդվեդեւի մի շարք լուսանկարներ ցուցադրվել են նախորդ տարի Հեֆա քաղաքում, երբ վարչապետն այցելեց Չինաստան: Հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրությունը` Պեկինում բացվեց Մեդվեդեւի լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ կան նաեւ Չինաստան այցելության ժամանակ արված լուսանկարներ»,- ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը:

 

Չինաստանում Մեդվեդեւի լուսանկարների հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ նախատեսվում է նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպել նաեւ երկրի այլ մեծ քաղաքաներում: Առաջիկայում ՌԴ վարչապետի լուսանկարները կցուցադրվեն Սյամեն եւ Ֆուցզյան քաղաքներում: