Թուրքիան սկսել է ավելի ակտիվորեն փորձել ի նպաստ իր շահերի օգտագործել Ուկրաինայի' Ռուսաստանի եւ Եվրամիության հետ հակամարտությունն, ինչի համար առաջարկել է «Հարավային հոսք» գազային խողովակաշարի երթուղին փոխել այնպես, որպեսզի այն անցնի իր տարածքով: Հարցը կարող է բարձրացվել եկող շաբաթ «Գազպրոմ»-ի վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւի հետ Անկարայում անցկացվելիք բանակցությունների ժամանակ: Անկարայի համար նման որոշումը կօգներ երաշխավորել գազի մատակարարումները եւ ստանալ միջնորդի շահավետ դեր: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը' նշելով, որ «Գազպրոմ»-ը դեռեւս չի հաստատում անգամ նման բանակցությունների անցկացման փաստը:

 

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել «Հարավային հոսք» գազատարի ցամաքային հատվածն իր տարածքով անցկացնելու հարցը: Նա հավելել է, որ թեեւ Ռուսատանը դեռեւս նման հարցում չի ուղղել Անկարային, այդուհանդերձ, «նման խոսակցություններ ընթանում են»: Ներկայում Ռուսաստանից Եվրոպա գազ փոխադրելու համար կառուցվող «Հարավային հոսք»-ի երթուղին անցնում է թուրքական տարածքային ջրերով:

 

Թաներ Յըլդըզի խոսքով' հաջորդ երկուշաբթի Մեդվեդեւը պետք է ժամանի Անկարա, ում հետ բանակցություններում էլ կքննարկվի թուրքական կողմի առաջարկը:

 

Փորձագետների կարծիքով' Թաներ Յըլդըզի հայտարարությունը կարող է Թուրքիա գազի այլ մատակարարների' Ադրբեջանի եւ Իրանի վրա ճնշելու փորձ լինել այդ բանակցություններում: Բանն այն է, որ եթե «Հարավային հոսք»-ն անցնի Թուրքիայի տարածքով, ապա դա զգալիորեն կնվազեցնի Անդրանատոլիական (TANAP) եւ Անդրադրիատիկ (TAP) գազատարների ռազմավարական նշանակությունը, որոնք նախատեսված են ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար:

 

«Հարավային հոսք»-ը կառուցվում է հենց «Նաբուկո» նախագծին հակակշիռ: Բայց, չնայած դրան, «Նաբուկո»-ն այդպես էլ չիրագործվեց, եւ նրա փոխարեն ի հայտ եկան TANAP-ն ու TAP-ը:

 

Եթե «Հարավային հոսք»-ը Թուրքիայի տարածքով անցկացնելու գաղափարն իրականանա, ապա Անկարան Եվրոպա գազի փոխադրման հարցում Ադրբեջանի եւ Իրանի նկատմամբ ճնշման նոր լծակներ կստանա: