ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական ճգնաժամն ու հետագա ողբերգությունների կանխարգելումը: Սա Ժնևում տեղի ունեցած' Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ գագաթնաժողովից հետո երկու գերտերությունների արտաքին գործերի նախարարների առաջին զրույցն է: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

 

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է անհապաղ իրականացնեն Ժնևում կատարված հայտարարության դրույթները: Լավրովը, մասնավորապես, ընդգծել է, որ Ուկրաինան պետք է վերջ դնի բռնությունների գործադրմանն ու խաղաղ երկխոսության ճանապարհով սկիզբ դնի նոր Սահմանադրության ընդունմանը, որին պետք է մասնակցեն երկրի բոլոր հատվածների հիմնական քաղաքական ուժերը: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումներն ու կապ պահպանել՝ նպատակ ունենալով իրենց գործողություններով կարգավորել Ուկրաինայում տիրող իրավիճակը:

 

Ապրիլի 17-ին, Ժնևում, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընդունվել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հայտարարություն: Փաստաթուղթը պահանջում է, որ կողմերը պետք է հրաժարվեն բռնության գործադրումից կամ սադրիչ գործողություններից: Միաժամանակ, չորս պետությունների ներկայացուցիչները քննադատել են երկրում ռասիզմի, կրոնական անհանդուրժողականության եւ ծայրահեղականության ցանկացած դրսեւորում: