Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24-ին և դրան նախորդող օրերին ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Թուրքիայում: Նախորդ տարիների նման այս անգամ ևս արարողությունները նախաձեռնում է «Ոչ ասա ռասիզմին և խտրականությանը» կազմակերպությունը: Ապրիլի 22-ին Ստամբուլում քաղաքացիական հասարա կության ներկայացուցիչները տեղի ժամանակով 18:30-ին կհանդիպեն Եվրոպայից եկած հակառասիստներին և սփյուռքի ներկայացուցիչներին և կիրականացնեն քննարկումներ: Նախաձեռնությունը ստացել է «Բաց դուռ» անվանումը:

 

Նույն օրը ավելի վաղ` 14:30-ին, կրկին Ստամբուլում տեղի կունենա «1915 թվականին ի՞նչ է տեղի ունեցել. Ինչո՞ւ է խնդիրը մեր օրերում արդիական» խորագրով քննարկում, որի խոսնակները կլինեն Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման ներկայացուցիչ Բենջամին Աբթանը և ՀԲԸՄ Եվրոպայի գործադիր տնօրեն Նիկոլաս Դավիթյանը:

 

Ապրիլի 23-ին Թուրքիայի և հայկական սփյուռքի ներկայացուցիչները կմասնակցեն «Հայոց ցեղասպանությանն առերեսվել» խորագրով քննարկմանը: Այստեղ տարբեր մասնագիտության տեր անձինք' իրավապաշտպաններ, պատգամավորներ, հասարակական գործիչներ, կխոսեն Հայոց ցեղասպանության ճանաչման, ներում հայցելու ու արդարության հաստատման, սփյուռքի ունեցած պահանջների և թուրքական կողմի պատասխանատվության, ցեղասպանությանն առերեսվելու գործընթացում քաղաքականության նշանակության, կատարվածի հետ առերեսման մասին:

 

Ապրիլի 24-ին տեղի ժամանակով 10:00-ին տեղի կունենա մամուլիս ասուլիս, որտեղ կհիշատակեն մահվան դատապարտված հայ մտավորականներին: Դրան կհաջորդի այցելությունը Շիշլիի հայկական գերեզմանատուն, որտեղ կոգեկոչեն թուրքական բանակում սպանված հայ Սևակ Բալըքչըի հիշատակը: Ժամը 19:15-ին նախորդ տարիների նման մասնակիցները կհավաքվեն Թաքսիմի հրապարակում' հիշելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին: