Lurer.com-ի տեղեկություններով' ձերբակալվել է 36-ամյա հայ «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանը՝ Արտյոմ Սարատովսկին։ Նրան ձերբակալել են Մինսկում' մի շարք հայ քրեական հեղինակությունների հետ միասին, սակայն մյուսներին ազատ են արձակել: Ոստիկանները ձերբակալությունից հետո Արտյոմ Սարգսյանին տեղափոխել են Մոսկվա` իրենց մոտ պահելով «օրենքով գողի» բաճկոնը: Բաճկոնը նրան ետ են վերադարձրել միայն Մոսկվայում, ինչից հետո «պարզվել է», որ նրա գրպանում հայտնվել է հերոին տեսակի թմրանյութ: Սովորաբար «օրենքով գող»-երի վրա «գործ է սարքվում» հենց թմրանյութեր պահելու մեղադրանքով:
Արտյոմ Սարգսյանը այն եզակի օրենքով գողերից է, ով կարողանում է «հարցեր լուծել» ինչպես հետխորհրդային, այնպես էլ եվրոպական երկրներում: Նրան ճանաչում են որպես արդարամիտ և հավասարակշռված «օրենքով գող»: Արտյոմ Սարատովսկին հայտնի է զուսպ, «օրենքով գողերի» կանոններին համապատասխան կենսաձևով և ընդհանրապես չի օգտագործում ալկոհոլային խմիչքներ ու թմրանյութ: Նա թագադրվել է 2013թ. հունիսին Ստամբուլում' Դաթո Ջանգիձեի, Բոնդո Ստուրուայի և մյուսների հետ: Նրա թագադրության արարողությանը ներկա են եղել ազդեցիկ օրենքով գողեր աշխարհի բազմաթիվ երկրներից: Թագադրման մասնակիցներից է եղել հայ ազդեցիկ հեղինակություն Պիպոն:
Այս տարվա 4 ամիսների ընթացքում Ռուսաստանի իրավապահների կողմից ձերբակալվել է ավելի քան 20 «օրենքով գող», որոնցից 8-ը ենթարկվել է քրեական պատասխանատվության։ Արտյոմ Սարգսյանը ձերբակալվածներից վերջինն է, ով իր ունեցած հեղինակությամբ և քրեական աշխարհում լուրջ ազդեցությամբ վաղուց էր գտնվում ռուսական հատուկ ծառայությունների թիրախում:
Lurer.com-ի տեղեկություններով` Արտյոմ Սարատովսկին երկու օրից ազատ է արձակվելու: