Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած բավական բազմանդամ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել: Բելգիայի մայրաքաղաքում հայկական պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ է ունենալու Եվրամիության ղեկավարության, ինչպես նաև՝ քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Այցը բավական ներկայացուցչական է և տեղի է ունենում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական հրավերով:
Հովիկ Աբրահամյանի գխավորած պատվիրակության այցը Եվրոպայի քաղաքական «մայրաքաղաք» ուշագրավ է երկու առումներով: Նախ' այն տեղի է ունենում Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

Արարողակարգային հանդիպումների ու լուսանկարչական նպատակներով նախատեսված ձեռքսեղմումների միջոցով Եվրամիության ղեկավարությունը, թերևս, ցանկանում է ցույց տալ իր աջակցությունը Սերժ Սարգսյանին: Թե ինչո՞ւ, ի՞նչ ակնկալիքներով, քննարկման այլ թեմա է, պարզ է սակայն, որ նախագահական ընտրություններից առաջ նման այցերը չեն կարող պատահական լինել: Այս «աշխարհաքաղաքական» զարգացումները Հովիկ Աբրահամյանի համար նաև ներիշխանական հարաբերություններում սեփական դիրքերն ամրապնդելու, իշխանության բուրգում պոտենցիալ մրցակիցներից առնվազն հետ չմնալու հնարավորություն են նաև:

Մասնավորապես, Հ. Աբրահամյանը բրյուսելյան իր այցը կփորձի հակադրել վարչապետ Տիգրան Սարգսյանի' անցած տարեվերջին ԱՄՆ կատարած այցին ու ամերիկյան վարչակազմում արժանացած ընդունելությանը: Առաջին հայացքից անկարևոր թվացող այդ դետալները կարող են շատ որոշիչ դառնալ նախագահական ընտրություններից հետո սպասվող պաշտոնների մրցավազքում: Խոսքն առաջին հերթին վարչապետի պաշտոնի մասին է, որը, ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանի տակավին վաղեմի երազանքն է:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերը քաղաքական կանխատեսումներում որոշակիորեն ամրացան: Շատերը համոզված են, որ ԱՄՆ-ի վարչակազմը նման բարձր մակարդակով ընդունելության չէր արժանացնի հայաստանյան մի պաշտոնյայի, ով ընդամենը երկու ամիս հետո լքելու է պաշտոնը: Ուստի, այդ տեսակետի կողմնակիցների համաձայն, Բայդենի հետ հանդիպումը Տ. Սարգսյանի համար վարչապետի պաշտոնում մնալու երաշխիք է: Այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ Հովիկ Աբրահամյանը կարող է համարել, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կամ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույն իրենց քաղաքական կշռով չեն զիջում ԱՄՆ փոխնախագահին, հետևաբար՝ ինքը ևս կարող է հավակնել «ոչ ռուսական» վարչապետի թեկնածուի կարգավիճակին:

Հովիկ Աբրահամյանի բրյուսելյան այցի մյուս, թերևս, ավելի ինտրիգային մասը կապված է նրա ամենացավոտ կետի' «Բարգավաճ Հայաստանի» հետ: Վերջինիս նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցական պատվիրակությամբ նոյեմբերին իսկական «տրիումֆ» կազմակերպեց Բրյուսելում' եվրոպական միջին ռանգի չինովնիկների աշխատասենյակներում հանդիպելով մի շարք պաշտոնյաների ու քաղաքական դեմքերի հետ:

Սակայն Ծառուկյանի բրյուսելյան այցի հմայքը ոչ թե նրան հյուրընկալող կողմի ցուցադրական «համեստությունն» էր, այլ այնտեղ նրա արած հայտնի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը գլխավորում են կոռումպացված պաշտոնյաները: Այդ հայտարարության համար, ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն Հայաստանում արժանացան կոշտ քննադատության, գամվեցին անարգանքի սյունին' մեղադրվելով համարյա «պետական դավաճանության» մեջ: Ընդ որում, Ծառուկյանին ու ԲՀԿ-ականներին նմանատիպ որակումներ տվողների մի մասն այսօր Բրյուսել մեկնած խորհրդարանական պատվիրակության կազում են, այդ թվում՝ Գալուստ Սահակյանը: Ու նրանք, ի թիվս այլ հանդիպումների, հանդիպումներ են ունենալու նաև այն շրջանակների հետ, որոնց հետ զրույցներում Ծառուկյանը դժգոհել էր Հայաստանի կոռումպացված պաշտոնյաներից:

Շատ հետաքրքիր է' ինչպես է իրեն դրսևորելու այդ հանդիպումներում Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: Դիցուք, Գալուստ Սահակյանը Մարտին Շուլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարում է. «Վերջերս ձեզ մոտ եկած հայ երեսփոխանները չարաշահել են իրենց գործառութային վերապահումները և հանդես են եկել անթույլատրելի տիրույթում: Դուք հո չե՞ք հավատում, որ մենք' ի դեմս մեր պետության երկրորդ դեմքի' Հովիկ Աբրահամյանի, կարող ենք կոռումպացված լինել, ինչպես չարամտորեն ակնարկում էր տարբեր ազդեցությունների ու վերամբարձումների ծիրում գտնվող ոմն մեծահարուստը»:

Հովիկ Աբրահամյանը կամ պետք է պաշտպանի Գագիկ Ծառուկյանին, ինչի արդյունքում կհամալրի «կեղտոտ սպիտակեղենը դուրս հանողների», ու մեխանիկորեն' նաև կոռումպացված պաշտոնյաների շարքերը, կամ պետք է դատափետի նրան: Երկու դեպքում էլ՝ հայտնվելով անհարմար վիճակում: Մի խոսքով, բրյուսելյան այցն իսկական թակարդ կարող է դառնալ Հովիկ Աբրահամյանի համար: