Եվրակազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և նախագահ Դիդիե Բուրկհալտերը Ռուսաստանին, Եվրամիությանը և ԱՄՆ-ին կոչ է արել աջակցություն ցույց տալ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ձեռք բերված ժնևյան համաձայնության իրագործմանը:
«Նա (Բուրկհալտերը) Եվրամիությանը, Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել լիակատար աջակցություն ցույց տալ Ուկրաինայի իշխանությունների և տեղական միավորումների, ինչպես նաև դիտորդների պատվիրակությունների աշխատանքին: Այս առնչությամբ նա Ժնևի բանակցություններին մասնակցած բոլոր կողմերին խնդրում է Ուկրաինայի (հակամարտության) բոլոր կողմերին հրապարակավ կոչ անել ձեռնպահ մնալու բռնությունից՝ ապօրինի գրավված շենքերն ու օկուպացված փողոցները, հրապարակներն ու շինություններն արագորեն ազատելու, ինչպես նաև զինաթափվելու համար»,-ասված է ԵԱՀԿ- ի՝ ապրիլի 22-ին տարածված հայտարարության մեջ:
Նախօրյակին ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ժնևի համաձայնությունները կոպտորեն խախտվում են Կիևի իշխանությունների կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: