Թուրքիայի ռազմական ստորաբաժանումները ներխուժել են Սիրիայի տարածք պաշտպանելու Սուլեյման շահի դամբարանը: Այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը: Ռազմական ստորաբաժանումների թվաքանակը չի հրապարկվում:

 

Սիրիայի տարածքում Սուլեյման շահի դամբարանը գտնվում է Թուրքիայի սահմանից 30 կմ հեռավորության վրա' Եփրատ գետի ափին, մոտ մեկ հեկտար մակերեսով տարածքի վրա:

 

Ներկայում այն գյուղը, որտեղ գտնվում է դամբարանը, անցել է Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպությանը կից «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման մարտիկների ձեռքը, որոնք կռվում են Սիրիայի կառավարական ուժերի դեմ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանելու Սիրիայում իրեն պատկանող տարածքը:

 

Թուրքիայի և Ֆրանսիայի միջև 1921 թ. (այդ ժամանակ Սիրիան բռնազավթված էր Ֆրանսիայի կողմից) ստորագրված և հետագայում Լոզանում ընդունված պայմանագրի համաձայն' Օսմանյան կայսրության հիմնադիր Սուլեյման շահի' Սուլեյման առաջինի դամբարանի (1178-1227 թ.) գտնվելու վայրը համարվել է թուրքական հող: 1946 թ. անկախացումից հետո Սիրիան այդ տարածքը ճանաչել է որպես Թուրքիայի ինքնիշխան տարածք: Հետագայում տարածքը կառուցված ջրամբարի տակ մնալու պատճառով Սուլեյման շահի դամբարանը 1973 թ. տեղափոխվել է հյուսիս' թուրքական սահմանին մոտ: Այսօր դամբարանի տարածքը պահպանում են մոտ 30 թուրք զինվորներ: