Թուրքիայի Մերսին նավահանգստում գրանցված «Անմար միջազգային տրանսպորտ եւ ծովագնացություն» ընկերությանը պատկանող «Մունզուր» բեռնատար նավում, որը հարկադրաբար խարիսխ է գցել Մեծ Բրիտանիայի Քորնվիլ նահանգի Ֆեյվեյ նավահանգստում, Անգլիայի ծովագնացության եւ ափի պահպանության գործակալությունը հայտնաբերել է նավի անձնակազմի հետ ստրուկի պես վարվելու փաստեր:
Ինչպես հաղորդում է virtualaz.org լրատվական կայքը, անգլիացիները նավը կանգնեցրել են տեխնիկական անսարքություններ հայտնաբերելու պատճառով: Դրանից հետո գործակալության աշխատակիցների կողմից նավում զննում անցկացնելու ժամանակ պարզվել է, որ Ադրբեջանի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Վրաստանի քաղաքացիներից բաղկացած 12- հոգիանոց անձնակազմի անդամները նավում պահվում են որպես ստրուկներ: Նրանք նավում բնակվում են հակասանիտարական պայմաններում եւ ամիսներով աշխա տավարձ չեն ստանում:
Նավն անգլիական նավահանգստում պահվում է ապրիլի սկզբից: Անգլիական գործակալությունը թուրքական ընկերության ղեկավարությունից պահանջել է վճարել անձնակազմի անդամների 35 հազար դոլար աշխատավարձի պարտքը, ինչի ժամկետը լրացել է ապրիլի 23-ին: Միջազգային բեռնափոխադրումների աշխատակիցների ֆեդերացիայի ներկայացուցիչ Դարեն Փրոքտորը հայտարարել է, որ իրենք դատի են տալու նավի սեփականատիրոջը:
«Նավում կենսական պայմաններն անտանելի են: Այդ պայմաններում անգամ շունը չի կարող ապրել: Խոսք անգամ չի կարող լինել նավը բաց թողնելու մասին: Այդտեղ ստեղծված իրավիճակը ժամանակակից ստրկություն է», -հայտարարել է Դարեն Փրոքտորը: