Պաշտպանության նախարարությունում վստահ են, որ հասարակությունը պետք է մեկ հավատամք ունենա: Քայքայիչ պաշտամունքների եւ ենթամշակութային տարրերի հոսքը հասարակությունը մեծ վնաս է հասցնում նաեւ բանակին եւ բանակաշինությանը: Այս կարծիքը ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկած «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական կոնֆերանսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը:

 

Նրա խոսքով'մտահոգությունը չափազանցություն չէ. վերջին տարիներին բանակ մեկնող եւ այլ հավատք ունեցող երիտասարդների թիվը 5 անգամ մեծացել է: «Հասարակությունը բեւեռացված է եւ կա հսկայական ջրբաժան: Տարբեր ճամբարների զինվորներն իրար դեմ չեն կանգնում, սակայն իրար կողք կանգնելն էլ դառնում է շատ դժվար: Եթե տարիներ առաջ բանակում ընդամենը 28-30 աղանդավոր երիտասարդ կար, ապա վերջին տարիներին նրանց թվաքանակը գերազանցում է 120-ը: Թիվը հինգ անգամ աճել է: Ավելի քան հիսուն պատանի կրոնական համոզմունքների պատճառով հրաժարվել է ծառայությունից, իսկ նրանցից տասնութը այսօր պատիժ են կրում ՔԿՀ-ներում: Երկու զինծառայող ինքնասպան է եղել կրոնական համոզմունքների հիման վրա: Հետագայում նրանց իրերում գտել ենք սատանայապաշտական խորհրդանիշեր: Սա մեր ներքին թշնամին է, եւ անհրաժեշտ է դրա դեմ պայքար տանել»,- ասաց Ավետիսյանը' հավելելով, որ նախորդ տարի անցկացված սոցիալական հարցման արդյունքներով' երիտասարդների 50 տոկոսը չունի տանող գաղափար եւ իդեալ: Ավետիսյանի գնահատմամբ, քայքայիչ պաշտամունքների գործունեության խորացումը Հայաստանում հենց իդեալի բացակայության հետեւանք է:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Վարդան Ավետիսյանը նշեց, որ Պաշտպանության նախարարությունը հեռանկարային ծրագրեր է իրականացնում հայրենասիրական դրվածքի բարելավման համար: «Այս ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, սակայն որակական նոր հանգրվանում փաստում ենք, որ կան սպառնալիքներ, որոնց համար պետք է մշակել նոր հայեցակարգ, պայքարի նոր միջոցներ եւ լինել համախմբված»,- ասաց նա' հավելելով, որ պետք է պայքար սկսել ներքին թշնամու դեմ, ով հասարակության անտարբերությունից ավելի է ուժեղանում: Ավետիսյանի փոխանցմամբ' նախորդ տարիների օրինակով, այս տարի էլ կազմակերպվել են մշակութային այցելություններ, միջոցառումներ, հանդիպումներ զինվորականների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ, աշակերտներն այցելում են թանգարաններ, Եռաբլուր պանթեոն, տարբեր քաղաքներում կազմակերպվում են գիտաժողովներ, սակայն դա հօդս է ցնդում, երբ պատանին տանը հեռուստացույով դիտում է սերիալներ, արատավոր բարքերն ու քայքայիչ պաշտամունքներները գովերգող հաղորդումներ ու ֆիլմեր: «Արժզրկվում է հայրենասիրության գաղափարը, արժեզրկվում է մշակույթը, կրոնն ու հայրենիքը»,- պարզաբա նեց Ավետիսյանը' հավելելով, որ խնդրի առնչությամբ հանդիպումներ է ունեցել տեղական շուրջ մեկ տասնյակ հեռուստաընկերությունների ղեկավարների հետ: «Մեր դիտարկմանը, որ հայրենասիրական հաղորդումները, ֆիլմերը պետք է շատացնել, ղեկավարները միաբերան պատասխանեցին' եթե ՊՆ-ն ցանկանում է նման հաղորդումներ տեսնել, դրանց համար թող վճարի, իսկ հեռուստասերիալների համար չեք կարող որեւէ բան պարտադրել, քանի որ հեռուստաընկերությունները մասնավոր են ու անկախ, եւ ցուցադրում են այն, ինչ եկամուտ է բերում»: