Իր ծննդյանը օրը դաժանաբար սպանված 26-ամյա Նունե Սարգսյանի մահվան լուրը շոկ է առաջացրել ողջ Տյումենում: Ինչպես հաղորդում է Znak.com կայքը, ոստիկաններն արդեն ձերբակալել են հանցագործին, ով խոստովանել է մեղքը: Ներկայում մարդասպանը կալանքի տակ է: Նրա դեմ գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի չորրորդ մասի «գ» կետի' կողոպուտ, զոհին ծանր մարմնական վնաս պատճառելու ելքով և 105-րդ հոդվածի երկրորդ մասին «թ» կետի' սպանություն գողության ժամանակ, հատկանիշներով:
Իրավապահ մարմինների հաղորդմամբ' սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 21-ին' ժամը 15:30-ին, Սամարցեւա փողոցում գտնվող բնակարանում: 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը, ով պիցցայի առաքման ծառայությունում էր աշխատում, Նունեի տուն է առաքել պատվերը: Ստանալով գումարը' նա դուրս է եկել բնակարանից, ապա վերադարձել' պատվերի գումարը ստուգելու պատրվակով:
Չկասկածելով իրեն սպառնացող վտանգի մասին' տանիրուհին ներս է թողել հանցագործին, ով դանակով սպառնացել է, պահանջել տան եղած գումարը և զարդերը: Գողոնն ստանալուց հետո մարդասպանը սկսել է դանակով հարվածել աղջկան: Ոստիկանները Նունե Սարգսյանի մարմնի վրա դանակի 40 հարված են նկատել' կրծքավանդակի, պարանոցի և փորի հատվածներում:
Սպանության օրը Նունե Սարգսյանը նշելիս է եղել իր 26-ամյակը: Նա երեք երեխաների մայր է: Երեխաներից ամենափոքրն ընդամենը մի քանի ամսական է: Նունե Սարգսյանի ընկերները և հարազատները հարյուրավոր ցավական նամակներ են գրել սոցիալական ցանցերում: