Սիրիայի նախագահ Բաշար Հաֆեզ ալ Ասադն ապրիլի 28-ին նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել Բարձրագույն սահմանադրական դատարան: Սիրիայի ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանից ծա նուցում է ստացել այն մասին, որ 1965 թ. Դամասկոսում ծնված Բաշար Հաֆեզ ալ Ասադն այսօր առաջադրել է իր թեկնածությունը Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Սահմանադրական դատարանը պարզաբանել է, որ Բաշար ալ Ասադը գրանցվել է 7-րդ համարի ներքո:

 

Ալ Լահհամը նաև նշել է, որ Բաշար ալ Ասադը գրություն է ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով աջակցել իրեն:

 

Մինչ այդ Սիրիայի բարձրագույն սահմանադրական դատարան նախագահական ընտրություններին մասնակցելու հայտեր էին ներկայացրել 6 թեկնածու: Նրանք են՝ 1963թ. ծնված Սուսան Ամր ալ Հիդադը Լաթաքիայից, 1961թ. ծնված Սամիր Ահմադ Մաալան Կունեյտրայից, 1966թ. ծնված Մուհամմադ Ֆիրաս Յասին Ռուջուհը Դամասկոսից, 1971թ. ծնված Աբդ աս Սալամ Սալաման Հոմսից, Ազգային ժողովի պատգամավոր Մահեր Աբդ ալ Հաֆիզը և Հասան ան Նուրին: