Հայաստանի Նախագահ կամ վարչապետ դառնալ հավակնողները դեպի այդ պաշտոնը գնալու մեկ ուղի ունեն' Մելիք Ադամյան փողոցը, որտեղ տեղակայված է Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ապագա տասնամյակում շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքական համակարգի առաջատար: Ապագա տասնամյակում որոշիչը լինելու է ՀՀԿ-ն եւ այն լինելու է Հայաստանի քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը»,- նշեց Շարմազանովը:

 

Նրա խոսքով' Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ (ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը) նաեւ ամրագրեց, որ եթե ապագա տասնամյակում որեւէ քաղաքական ու պետական գործիչ ցանկանում է հավակնել բարձրագույն պետական պաշտոնների, ապա դրա գլխավոր ճանապարհը, եթե ոչ միակ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: «Եթե որեւէ մեկը հավակնում է դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով: Ամենաուշագրավ կողմն այն է, որ Սերժ Սարգսյանը բացառում է իր առաջադրումը: Դա բացում է դաշտը մրցակցության համար, բայց առաջին հերթին այդ մրցակցությունը տեղի է ունենալու հենց ՀՀԿ-ի ներսում, եւ մենք համոզված ենք, որ ապագա տարիներին ՀՀԿ-ն կապահովի որակական նոր թռիչք, նոր հզորություն, որը նաեւ ուղեցույց կհանդիսանա այլ քաղաքական ուժերի համար»,-ընդգծեց Շարմազանովը:

 

Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է հասունանում, որը, ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ, դեռևս ոչ բոլորն են գիտակցում: «Մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը առ այն, որ նա որևէ ժամկետում և որևէ ձևաչափում չի հավակնելու պետության ղեկը վերցնելուն, ինչը փաստացի նոր քաղաքական խաղի կանոնների հայտարարում էր, որը մինչև վերջ դեռևս գիտակցված չէ: Ինչ է ասել նախագահը, նա նշել է, որ ինքը չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, և, եթե սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենանք պառլամենտական համակարգ, ապա նա չի հավակնում նաև վարչապե տի պաշտոնին, ավելին նահագահը հստակ նշել է, որ իր կարծիքով մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի վերցնել պետության ղեկը: Իրականում այս պարագրաֆում խստացված ու կանխորոշված է Հայաստանի նոր իրականությունը, որը թելադրվում է ապագա տասնամյակի համար: Այլևս մենք թվակոխել են ցանցային կառավարման քաղաքական համակարգ, որտեղ նվազելու է մեկ մարդու դերը քաղաքականության մեջ և կտրուկ ավելանալու է քաղաքական կուսակցությունների դերակատարումը: Պետք է նշեմ, որ կան մարդիկ, գործիչներ, ովքեր այս քաղաքական իրականությունը մինչև վերջ չեն գիտակցում և կաշվից դուրս են գալիս իրենց ապագայի մեջ դիրքավորելու, որը ժպիտ է առաջացնում»,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը: