Այսօր ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է. նա դառնում է 68 տարեկան, ինչի պատճառով, ինչպես ինքը հայտարարեց, չառաջադրեց թեկնածությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում: Հարցը, թե ովքե՞ր են մասնակցելու նրա ծննդյան արարողությանը, ոչ այնքան անձնական, որքան քաղաքական նշանակություն ունի: Բանն այն է, որ տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան արարողությունն իսկական ռիտուալ է եղել և, կախված դրա մասնակիցներից' որոշվել է ոչ միայն առաջին նախագահի մերձավոր թիմը, այլև քաղաքական գործունեության ուղղվածությունը:

1998 թվականի իշխանափոխությանը հաջորդած 8-9 տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորում էին միայն նրա շատ նեղ թիմի անդամները, 2007 թվականից հետո այդ ավանդույթը փոխվեց' պայմանավորված Տեր-Պետրոսյանի' քաղաքականություն վերադառնալով:

Դրանից հետո հունվարի 9-ը շատ որոշակի նշանակություն ուներ Հայաստանի «քաղաքական օրացույցում». Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան արարողությամբ, ըստ էության, մեկնարկում էր քաղաքական տարին: Այս անգամ, սակայն, Տեր-Պետրոսյանի ծննդյան արարողությունը խորհրդանշելու է ոչ թե քաղաքական տարվա սկիզբը, այլ ավարտը: Ընդ որում, ոչ թե տարվա, այլ մի կողմից՝ վերջին 4-5 տարիների քաղաքական շրջափուլի, մյուս կողմից' ՀԱԿ-ի՝ որպես քաղաքական միավորի, գործունեության ավարտը:
Ինչ վերաբերում է հարցին' ովքե՞ր կմասնակցեն Տեր-Պետրոսյանի ծննդյան արարողությանն այսօր, ապա, թերևս, ավելի հեշտ է արձանագրել, թե ովքեր հաստատ չեն մասնակցի դրան: Վստահաբար՝ Տեր-Պետրոսյանի կողքին չեն լինի Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր այն անդամները, ովքեր վերջին տարիներին տարբեր պատճառներով հեռացել են ՀԱԿ-ից: Տեր-Պետրոսյանին անձամբ չեն շնորհավորի նաև դեռևս ՀԱԿ-ում մնացած այն գործիչները, ովքեր համարձակվել են սեփական կարծիք հայտնել այդ ուժի առաջնորդի գործունեության կամ անգործության մասին: Դրանց թվում են Հրանտ Բագրատյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, Գառնիկ Մարգարյանը, Ռուբեն Թորոսյանը, Նիկոլ Փաշինյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորանքներ կընդունի միայն այն թիմակիցներից, որոնք, անկախ ամեն ինչից, անվերապահորեն ընդունել ու փառաբանել են նրա ցանկացած քայլ: Նրանց թվում կլինեն Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը, գուցե էլի մի քանի հոգի, ովքեր կազմում են Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական անգործության թիմը:

Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան օրվա առթիվ պետք է շնորհավորեին ոչ միայն նրա թիմակիցները, այլև գործող իշխանությունը' ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի: Նորմալ պետություն լինելու դեպքում նման ավանդույթները կարևոր նշանակություն ունեն պետական-քաղաքական կյանքում: Ինչևէ:
168.am-ի աշխատակիցների կողմից շնորհավորում ենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ' մաղթելով առողջություն և երկար տարիների կյանք: