ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերի Բեքերը: Նա երկարատև հիվանդությունից հետո մահացել է Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) հիվանդանոցում:

 

Տնտեսության բնագավառոււմ Նոբելյան մրցանակին Բեքերն արժանացել է 1992 թվականին «միկրոտնտեսական վերլուծության ոլորտը մարդկանց գործունեության և փոխգործակցության մի ամբողջ շարք ասպեկտների վրա տարածելու համար, ներառյալ ոչ շուկայական գործունեությունը»:

 

Գիտնականն ինքն իր գիտական աշխատությունների էությունը սահմանել է որպես «տնտեսական մոտեցում սոցիալական հարցերին»: Բեքերը տասնյակից ավելի ֆունդամենտալ հետազոտությունների և մի քանի տասնյակ հոդվածների հեղինակ է: Մասնավորապես, նրա գրչին են պատկանում «Տնտեսությունը և խտրականությունը» (1957), «Մարդկային կապիտալը» (1964) և «Տրակտատ ընտանիքի մասին» (1981) մենագրությունները, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: