Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ' ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Եվրախորհրդարանի պատգամավոր Ինակիլ Ռազաբալբեիթիա Ֆերնանդեսը միայն այս կերպ է տեսնում ցանկացած հակամարտության կարգավորումը և վստահ է, որ դա է ճիշտ ճանապարհը: «Ինքնորոշումը ժողովրդավարության ամենակարևոր երևույթն է, և դա գիտակցում են աշխարհի բոլոր ժողովուրդները»,- նման տեսակետ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ֆերնանդեսը' հավալելով, որ այս տեսակետի և Արցախ այցելության համար չեն վախենում ոʹչ Ադրբեջանի կարծիքից, ոʹչ էլ Բաքվի «սև ցուցակում» հայտնվելուց:

 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' Ֆերնանդեսը նշեց, որ Իսպանիայում Հայաստանն ու Արցախն այնքան էլ լավ չեն ճանաչում: Ըստ նրա, այս այցելությունն առաջինն էր, սակայն, վստահաբար ոչ վերջինը: Տարբեր այցելությունները հնարավորություն կտան ոչ միայն ճանաչելու Հայաստանն ու Ղարաբաղը, այլև ավելի խորը համագործակցություն իրականացնել քաղաքական, տնտեսական, կրթական և արդյունաբերության ոլորտներում:

 

«Կարծում եմ' հնարավորություն կա, որպեսզի Բասկերի երկրում գործող ձեռնարկությունները Հայաստանում ապրանք վաճառեն կամ Հայաստանը որպես կամուրջ օգտագործեն Արևելյան Եվրոպայի և Ասիայի շուկաներ դուրս գալու համար»,- ասաց Ֆերնանդեսը' հավելելով, որ օգտագործելու են այցը Իսպանիայում Հայաստանը ներկայացնելու համար և հավաստելու, որ երկիրը լավ հնարավորություններ է ընձեռում ներդրումների համար:

 

Իսպանիայի խորհրդարանի անդամ Ջոն Ինարիտու Գարսիայի մեկնաբանությամբ էլ, շատ կարևոր է քաղաքական հարաբերությունների խորացումը: Շուտով Հայաստան կայցելի Իսպանիայի Սենատի պատվիրակությունը, ինչը նույնպես կխթանի քաղաքական հարաբերությունների ամրապնդումը: Ըստ պատգամավորի, շատ կարևոր է, որ այցի ժամանակ երկու հարց բարձրացվի' թե ինչպես կարող է Իսպանիան նպաստել ԼՂ խնդրի կարգավորմանը և ինչ քյլեր պետք է ձեռնարկվեն, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Իսպանիայի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 

Եվրախորհրդարանի պատգամավոր Ինակիլ Ռազաբալբեիթիա Ֆերնանդեսն ու Իսպանիայի խորհրդարանի անդամ Ջոն Ինարիտու Գարսիան ճանաչողական այցով գտնվում էին Լեռնային Ղարաբաղում: Արցախում նրանք հանդիպել են ԼՂՀ Նախագահին, վարչապետին, Աժ նախագահին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Սա իսպանացի խորհրդարանականների առաջին պաշտոնական այցն է Արցախ: