Այս տարվա մայիս ամսին կմեկնարկի «ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնը' «Մեկ տանիքի ներքո» խորագրով:

 

Հայաստանում արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում նման մասշտաբային մշակութային միջոցառում: Այն իր մեջ ներառելու է արվեստի մի քանի տեսակ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն):

 

Փառատոնի վերաբերյալ իր տեսակտն է հայտնել նաև ԵԹԿՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը

 

«Տոն և քննություն առաջին «Արտ-Ֆեստի» հաջողությունը լավ դուռ է բացել երկրորդի համար, բայց նաև՝ ավելացրել սպասելիքները, մանավանդ որ այս տանիքի ներքո համախմբվում են երիտասարդները, իսկ արվեստը, ինչպես գիտենք, նոր անունների շնորհիվ է նորանում:

 

Ճանաչել կինո, թատրոն, կերպարվեստ, մուտք գործող կամ մուտքի հայտ ներկայացնող սերնդին, նկատելի դարձնել նրա ներկայությունը, խրախուսել առաջին հաջողությունները և հասարակական ուշադրությունը հրավիրել դրանց վրա, հասկանալ նրանց ձգտումները և վերլուծաբար իմաստավորել դրանք, համագործակցություն խթանել տարբեր ասպարեզների միջև՝ դեռևս ճանապարհի սկզբից: Լավ նախաձեռնություն է, հետաքրքիր: Տոն և քննություն: Ուրեմն, բարի ընթացք արդեն երկրորդ «Արտ-Ֆեստին» և երկար, արգասավոր ճանապարհ»: