ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին

 

-Ռուսաստանի դեսպանը ասել է, որ Հայաստանում ինչ-որ հասարակական կազմակերպություններ ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն:

 

-Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում։

 

Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում:

 

Նշենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում ասել էր․ «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրե նք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»: