ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահ կամավորականի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ:

 

Մանվել Գրիգորյանն ուղերձում շեշտել է, որ հայ ժողովուրդը մայիսի 8-9-ին միանգամից չորս տոն է նշում: «Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահ կամավորականի օրով: Սա ամեն մի հայի տոնն է: Սա Վազգեն Սպարապետի և մնացյալ մեր նահատակ ընկերների տոնն է, սա Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության տոնն է»,- ասված է ուղերձում: Գրիգորյանի գնահատմամբ' պատերազմից և հաղթանակից հետո էլ երկրապահները բազմաթիվ ձեռքբերումներ են ունեցել:

 

2000 թվականից Երկրապահի օրն ընդգրկվել է ազգային տոնացույցում, իսկ այս տարվանից արդեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ Մայր տաճարում և հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում ևս կնշվի Երկրապահ կամավորականի օրը:

 

«Շարունակելով երկրապահ կամավորականի ճանաչման արժանանալու թեման' նշեմ, որ 2013 թվականին պաշտոնապես ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Այս կերպ պետական ճանաչում ստացավ երկրապահ կամավորականությունը: Սա լուրջ բարոյական նշանակություն ունի մեր պետության համար: Ես հատուկ պետք է ընդգծեմ նախագահ Սերժ Սարգսյանի դերն այս օրենքի ընդունման հարցում: Պարտավոր եմ արձանագրել, որ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, ով մեր մարտական ընկերն է, ամենաիսկական երկրապահ է' քաջածանոթ երկրապահի դարդ ու ցավին, երկրապ ահների բոլոր խնդիրներին և միշտ էլ պատրաստակամ' օգտակար լինելու երկրապահին:

 

Հարկ եմ համարում հիշեցնել բոլորին, որ երկրապահն եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը: Երկրապահը չի դադարել բանակի հիմնական հենարանն ու կադրային բանկը լինել: Մենք մեր պարտքն ենք համարում բանակին հայեցի դաստիարակված, բանիմաց կադրերի մատակարարումը: Այդ նպատակով գործում են «Երիտասարդ երկրապահ» և «Պատանի երկրապահ» ակումբները: Մեր այս կառույցներով անցած տղաները բանակի լավագույն զինվորներն են դառնում, միշտ բանակից շնորհակալագրեր են ստացվում այս տղաների համար: Այսօր մեր բոլոր բաժանմունքներում, նաև' Արցախում կան պատանի երկրապահական կառույցներ: Այս կառույցի սաների ընդհանուր թիվն անցնում է 4000-ից: Այս առումով ևս պետության հետ գործակցելու լայն դաշտ կա: Այս մասով ևս զեկուցեմ, որ դարձյալ նախագահի միջամտությամբ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել կառավարության, պաշտպանության և կրթության նախարարությունների հետ: Այսուհետև մեր պատանիները պետության հոգածության ներքո են լինելու' առավել պրոֆեսիոնալ հիմքերի վրա ենք դնելու պատանիների ուսուցումն ու դաստիարակությունը: Պետք է այնպիսի սերունդ կրթենք, որ Բաքվում տաքուկ, փափուկ աշխատասենյակներում նստած չինովնիկները մեր երիտասարդներին, պատանիներին տեսնելով' սարսափեն: Պատանիները մեր վաղվա օրն են, մեր ապագան: Պատանի և երիտասարդ սերունդը վաղվա բարեկեցիկ Հայաստանն ու ամուր պաշտպանված Արցախն են»,- ընդգծված է զեկույցում:

 

Մանվել Գրիգորյանի ներկայացմամբ, երկրապահական ամենամյա ուխտագնացությունը մեկնարկել է մարտի 5-ին' Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Այն շարունակվելու է ողջ տարվա ընթացքում: «Մայիսի 28-ին Սարդարապատում ենք լինելու, այնուհետև' Արցախում, Տավուշում, Սյունիքում, բոլոր սահմանամերձ բնակավայրերում: Երկրապահը շարունակում է մնալ սահմանի բնակչին ոգևորող ուժ, շարունակում ենք հավաստիացնել և երաշխիքներ տալ սահմանաբնակ մեր հայրենակիցներին, որ վտանգի պահին իրենց մենակ չենք թողնի»,-նշված է զեկույցում:

 

Երկրապահ կամավորականների միությունը շարունակում է հոգատար լինել զոհված, անհայտ կորած, հաշմանդամ և ԵԿՄ անդամ ազատամարտիկների խնդիրներով: Այս խավին իրավական, սոցիալական, բարոյական աջակցություն ցուցաբերելը մեր սրբազան պարտքն է: Ցավոք, դեռ կան խնդիրներ: «Այդ խնդիրները ժամանակի ընթացքում, մեր պետության հնարավորությունների աճին զուգահեռ, կկարգավորվեն: Խնդիրների կարգավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, պաշտպանության, սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ: Այսօր, սակայն, տոնական օր է, ուստի ավելի շատ պետք է հաղթանակներից, ձեռքբերումներից խոսենք: Իսկ հաղթանակներ մեր սերունդն, իրոք, ունեցել է: Վազգեն սպարապետի առաջնորդությամբ, Եռաբլուրում ամփոփված քաջերի, նաև' կենդանի հերոսների ջանքերով կայացրել ենք Հայաստանի անկախությունը, հայրենի տարածքներ ենք ազատագրել, Արցախի անկախ հանրապետություն ենք կայացրել: Այդ բոլոր հաղթանակները երկրապահ հայ ժողովրդինն են: Ուրեմն, մեկ անգամ ևս շնորհավոր տոնդ, երկրապա'հ, շնորհավոր տոնդ աշխարհասփյուռ հայ ժողովուրդ»,- ասված է զեկույցում: