Բուլղարական Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 2-րդ օրը ևս մեդալաբեր էր Հայաստանի ընտրանու անդամների համար: Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ մեր հինգ ըմբիշներից 4-ը պայքարեցին մեդալների համար:

54 կգ քաշային կարգում եզրափակիչ մտած ու Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ուղեգիր ապահոված Վաղինակ Մաթևոսյանը վճռորոշ գոտեմարտում տանուլ տվեց ռուսաստանցի Ամիրխան Գուվաժոկովին ու բավարարվեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսով:

46 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճելուն հավակնում էր Վազգեն Թևանյանը, սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտում պատանի հայ ըմբիշը 6:9 հաշվով զիջեց Ուկրաինան ներկայացնող Նիկոլայ Չաբանին և ի վերջո գրավեց 5-րդ տեղը:

63 կգ քաշային կարգում Գևորգ Մխեյանը 3-րդ տեղի համար մենամարտում 3:1 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Քուչուկյիլդիրիմին և նվաճեց բրոնզե մեդալ:

Նման պարգևի արժանացավ նաև 76 կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Հովսեփյանը, ով 3-րդ տեղի համար գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 11:0 հաշվով հաղթեց Բելառուսի պատվիրակ Մաքսիմ Սուխոցկուն:

Նշենք, որ այստեղ օլիմպիական 5 քաշային կարգերից 3-ում (46 կգ, 54 կգ, 76 կգ ) ոսկե մեդալներ նվաճեցին Ռուսաստանի, իսկ մնացած 2-ում (63 և 100 կգ)' Ադրբեջանի ներկայացուցիչները: