ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով: Ուղերձում ասված է.

 

«Հարգելի վետերաններ, սիրելի ազատամարտիկներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից շնորհավորում եմ մեր հաղթանակների և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը մեր ժողովրդի երեք սերունդների՝ հանուն ազատության ու խաղաղության համար մղված հերոսական պայքարի խորհրդանիշն է, որն ապահովեց մեր պետականության կայացումը, ազատ ապրելու և արարելու մեր իրավունքը: Ձեր՝ Հայրենիքի նկատմամբ ունեցած անմնացորդ սերն ու նվիրումը, կատարած սխրանքներն ու քաջագործություններն օրինակ են ապագա սերունդների համար: Ս իրելի բարեկամներ, մենք գիտակցում ենք մեր պարտքը Հայրենիքի և պետականության նկատմամբ և հետևողական ապահովելու ենք մեր հայրենակիցների արժանավայել ապրելու և աշխատելու իրավունքը:

 

Կրկին շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի առիթով և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք»:

 

Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար Եռատոն է' 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում' հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: