Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում վաղը առավոտյան կրկին կլինի Ուկրաինան: Այդ երկրի ամենամեծ շրջաններից մեկում' Դոնբասում կանցկացվի հանրաքվե և, ամենայն հավանականությամբ, Ուկրաինան կկրի տարածքային հաջորդ կորուստը: Նախատեսված էր, որ մայիսի 11-ին հանրաքվեներ կանցկացվեն Դոնբասի երեք մեծ շրջաններում' Դոնեցկում, Լուգանսկում և Խարկովում, սակայն մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում անցկացվելիք հանրաքվեն ավելի կմեծացնի լարվածությունը Կիևի հետ և չի նպաստի հարաբերությունների կարգավորմանը: Պուտինի այս կոչին արձագանքեցին Խարկովում և անորոշ ժամանակով հետաձգեցին հանրաքվեի անցկացումը: Դոնեցկում և Լուգանսկում շարունակվում են նախապատրաստական աշխատանքներն, ու մայիսի 11-ին 1527 ընտրատեղամասերում ուկրաինացիները կորոշեն' ցանկանո՞ւմ են ինքնորոշովել և լինել անկախ, թե' մնալ Ուկրաինայում կազմում: Հանրաքվեի անցկացման համար ուժեղացվել է իրավապահ մարմինների աշխատանքը, քանի որ չեն բացառվում նաև ուժգին բախումները:

 

Միջազգային հանրությունն արդեն հայտարարել է, որ չի ճանաչելու նաև Դոնբասում հանրաքվեի որևէ արդյունք և Ղրիմի օրինակով շարունակելու է Դոնբասն էլ ընդունել Ուկրաինայի մաս: Ինչ վերաբերում է Ուկրաինայի իշխանություններին, ապա երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել կողմերի հետ և գալ համաձայնության:

 

«Մենք շտապում ենք Դոնբաս և պատրաստ են նստել բանակցությունների սեղանի մոտ»,- հայտարարել է Տուրչինովը: Քննարկումների անցկացմանը համաձայնելով' միաժամանակ Տուրչինովը բացառել է Ուկրաինայի դաշնայնացումը: Նրա գնահատմամբ, դա կբերի շրջանների ինքնաոչնչացման: «Դա էյֆորիա է, որը հետագայում կբերի շատ վատ հետևանքների: Հազարավոր մարդիկ արդեն այդ սխալների հետևանքներն զգում են: Նրանք, ովքեր հանդես են գալիս հանուն անկախության, չեն գիտակցում, որ դա տնտեսության, սոցիալական ծրագրերի և հազարավոր մարդկանց կյանքերի կործանում է նշանակում»,- հայտարարել է Տուրչինովը: