Նախագահական ընտրություններին զուգահեռ' կարծես թե փորձ է արվում հանրությանը ներշնչել այն միտքը, որ ընտրություններից հետ քաշված ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պատրաստվում են հետընտրական լուրջ գործընթացների և ամենևին թույլ չեն տալու, որ Սերժ Սարգսյանը վայելի նախագահական ընտրությունների հեշտ հաղթանակը:
ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայումս խորհրդավոր կերպով լռում են, ըստ երևույթին' ի հավելումն այդ խոսակցությունների: Նրանց համար նման խոսակցությունները նպաստավոր են, որովհետև այդպես կարող է որոշակիորեն արդարացվել նախագահական ընտրություններից առաջ նրանց ցուցաբերած անկարողությունն ու անկենսունակությունը: Այդ ուժերը ոչ մի կերպ չկարողացան լուրջ բացատրություն տալ անգամ իրենց հավատավոր ընտրողներին, և հիմա, երբ խոսակցություններ են շրջանառվում, որ ընտրություններից հետո նրանք իրենց միասնական «տղամարդավարի» խոսքը ասելու են, երեք կուսակցությունների «բոյկոտը» դիտվում է որպես այդ խորհրդավոր մարտավարության մաս:
Միևնույն ժամանակ, երեք կուսակցությունները այլ ձև չունեն այսպես ասած' «կենդանի» մնալու, քան գեներացնել խոսակցություններն այն մասին, թե տեսեք' ինչ են իրենք պատրաստում ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի կյանքը ծանրացնելու համար:
Սա ծանոթ ձեռագիր է, ծանոթ մարտավարություն: Խորհրդարանական ընտրություններից հետո էլ ՀԱԿ-ի լիդերները ջանք չէին թափում' իրենց համակիրներին համոզելու, որ 7 մանդատները վերցնում են, որպեսզի ՀՀԿ-ին խորհրդարանում զրկեն քնից: Իրականում ՀԱԿ-ի լիդերները ընդամենը փափուկ բարձ էին դնում իրենց համակիրների գլխի տակ: Իրականում խորհրդարանում ՀՀԿ-ն հանգիստ քնում է, իսկ ՀԱԿ-ն ընդամենը օրորոցայինի դեր էր կատարում հասարակության համար, որպեսզի հասարակությունն էլ քնած մնա և հանկարծ չարթնանա ու չխանգարի ՀՀԿ-ին:
Այսօր էլ փորձ է արվում ընտրազանգվածին համոզել, որ չնայած չեն մասնակցում ընտրություններին, բայց Սերժ Սարգսյանին թույլ չեն տալու հանգիստ քնել: Սակայն սա հերթական դատարկությունն է, որ հանրությանը մատուցվում է որպես խորհրդավոր և լուրջ մի ռազմավարություն' ինչպես մատուցվեց 7 մանդատների ռազմավարությունը, ինչպես մատուցվեց «քաղաքագիտական վերլուծությունը»:
Այս ամենն արդեն վաղուց հասարակության գործը չէ, բացարձակ կապ չունի հանրությանը հուզող իրական խնդիրների հետ և նույնիսկ այդ խնդիրներից մեկն է արդեն, որից պետք է ձերբազատվել: Եվ հասարակությունը կարծես թե շատ մոտ է ձերբազատվելուն, քանի որ պարզորոշ երևացել է, թե որքան սնանկ էին այդ ամենը մատուցող քաղաքական ուժերը:
Սակայն, ինչպես երևում է, այդ ուժերն իրենք ոչ մի կերպ չեն ցանկանում հանգիստ թողնել հասարակությանը և հեռանալ: Նրանք հիմա էլ փորձում են ինչ-որ ինտրիգներ լարել' իբր, հետընտրական ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին առաջադրելիք լուրջ խնդիրների մասին: Սակայն եթե նման բան անգամ տեղի ունենա, ապա արդեն իսկ անկասկած է, որ լինելու է ընդամենը քաղաքական տոնավաճառի հերթական սեզոնը:
Այսինքն' նրանք ոչ թե խնդիր են առաջադրելու Սերժ Սարգսյանին, այլ խնդիրը նրա առաջ դնելու են ընդամենը որպես առքուվաճառքի ենթակա ապրանք, ինչպես վարվել են մինչև այսօր' հասարակությանն էլ դարձնելով «զեղչի կտրոն»: