Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը որևէ խոչընդոտ չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ձգձվում է խոչընդոտների պատճառով: «Պարզապես մի քանի հարցեր կան: Ապրանքների ցանկը, որոնց գծով մենք կարող ենք մաքսային արտոնություններ ստանալ, արդեն կարելի է համարել համաձայնեցված: Մի քանի տեխնիկական հարցեր կան՝ ավելի շատ կապված զուգահեռ ներմուծման հետ: Կարծում եմ, այդ հարցն էլ կհամաձայնեցվի, և գործընթացն իր հունով կընթանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ճշմարիտյանը՝ ընդգծելով, որ այդ ապրանքների թիվը 800-ից ավելի է:

 

Նախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե Հայաստանը երբ կստորագրի Եվրասիական տնտեսական միասնական տարածքին անդամակցության պայմանագիրը՝ նշելով, որ ամեն ինչ կախված կլինի բանակցություններից: «Զուտ աշխատանքային շտրիխներ են մնացել, որոնց ավարտից հետո արդեն մենք կստորագրենք պայմանագիրը»,- ասաց նախարարը:

 

Դիտարկմանը,թե Բելառուսը և Ղազախստանը փորձում են խանգարել Հայաստանի անդամակցությանը, Ճշմարիտյանը պատասխանեց, որ ցանկացած միություն մտնելիս՝ յուրաքանչյուր երկիր իր շահերն է առաջ տանում, ուստի յուրաքանչյուրն իր տեսակետն ու դիրքորոշումն ունի, և լինում են տարբեր մոտեցումներ, ինչը նորմալ երևույթ է: