Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Ֆրանսիայի օրակարգում, եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն' Ֆրանսիան շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման համար: Մայիսի 13-ին Երեւանում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար Ֆրանսիան պատրաստ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ փոխվստահության միջոցառումների ճանապարհներ գտնելու համար:
«Ես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը վերահաստատեցի Ֆրանսիայի պատրաստակամությունը որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ, ամեն ինչ անել, որպեսզի ԼՂ խնդիրն իր լուծումը ստանա: Երեկ հրադադարի 20-ամյակն էր, բայց հրադադարը բավարար չէ, պետք է իրական լուծում գտնել: Սա հակամարտություն է, որը հազարավոր զոհերի է բերել եւ որը պետք է վերջնական լուծում գտնի: Ես հիշեցրի նախագահ Սերժ Սարգսյանին' Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակել մասնակցել այս խնդրին լուծում գտնելու գործին: Ֆրանսիան պատրաստ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ փոխվստահության միջոցառումների ճանապարհներ գտնելու համար»,-հայտարարեց Օլանդը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն Է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մայիսի 12-ին մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:
Այնուհետեւ նախագահները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին: