Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է Ադրբեջանում «Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոն» ՓԲԸ ստեղծելու նախագծի շրջանակում մինչև տարեվերջ վերսկսել խորհրդային տարիներին ընդհատված ատոմային էլեկտրակայանի շինարարությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:

 

Նախագծի շրջանակում նախատեսվում է միջուկային ռեակտորների շինարարություն: Ենթադրվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա երեք-չորս տարիներին:

 

Նշվում է, որ ֆրանսիական VINCI Construction Grands Projets ընկերությունը ցանկություն է հայտնել մասնակցել տվյալ նախագծի իրագործմանը: Ընկերությունը տվյալ ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի և արդեն իրականացրել է 47 նման նախագծեր: Ադրբեջանում «Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոն» ՓԲԸ ստեղծելու մասին որոշումը երկրի ղեկավարի կողմից ստորագրվել է 2014 թ. մայիսի 8-ին: