Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին առաջիկա օրերին սպասում են նաև Ստեփանակերտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Այո, այց նախատեսվում է, առաջիկա օրերին մենք համանախագահ ներին սպասում ենք նաև Ստեփանակերտում»,-ասաց նա:

 

«Վերջին շրջանում բանակցություններին ԼՂ մասնակցության անհրաժեշտության մասին խոսակցությունների ֆոնին ռեալ առաջարկ սպասո՞ւմ եք համանախագահներից» հարցին ի պատասխան' Դավիթ Բաբայանը նշեց, որ նման առաջարկներ իրենք էլ անում են ու համոզված են, որ այդ հրամայականը վաղ թե ուշ ի կատար կածվի: «Սա ոչ թե առաջարկ է, այլ հրամանյական հակամարտության կարգավորման համար, և հուսով ենք, որ շուտով բանակցությունների խեղաթյուրված ձևաչափը կվերափոխվի»,-ասաց Դավիթ Բաբայանը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 16-ին կժամանեն Երևան: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

 

Նրանց այցը միտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ շարժելուն: ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հակամարտության կարգավորման իրենց հանձնառությունը վերահաստատել եւ խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին շեշտել էին մայիսի 12-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ: Դրանից առաջ խաղաղության համաձայնագրի իր առաջարկներն էր ներկայացրել ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը' Խաղաղության Քարնեգի հիմնադրամում ունեցած ելույթում' շարադրելով վեց կետեր: