Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը սին է համարում դիտարկումները, թե Հայաստանում ինչ-որ բան կարող է գաղտնի պահվել հանրությունից: Խորհրդարանում «Պետական գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ Հերմինե Նաղդալյանը անդրադարձավ պատգամավորների դիտարկումներին, թե առաջարկվող փաթեթով նպատակ կա հանրությունից թաքցնել պետական պահպանության ենթակա անձանց ծախսերը:
«Մեր երկրում չեն կարող թաքուն բաներ լինել ոչ միայն նրա համար, որ երկիրը շատ փոքր է, և բոլորս բոլորի մասին ամեն ինիչ գիտենք, կամ նրա համար, որ ցանկացած գաղտնիք մի օր ջրի երես է դուրս գալիս, այլ նրա համար, որ մենք, հարգելի՛ պատգամավորներ, ձեզ հետ այստեղից իրականացնում ենք հանրային վերահսկողությունը և ապահովում ենք հանրային տեղեկատվությունը»,-ասաց Նաղդալյանը:
Նա հիշեցրեց պատգամավորներին, որ պետական բյուջեի քննարկման ժամանակ հանրությունը մանրամասն տեղեկանում է բոլոր ծախսերի մասին, և այստեղ որևէ գաղտնիք չի կարող լինել: «Ես պատգամավորներին կոչ եմ անում անընդհատ չկրկնել, թե ծախսերը թաքուն են պահվում, և թյուրիմացության մեջ չգցել մեր հանրությանը: Մեր երկրում պետական ծախսերը թափանցիկ են և ներկայացվում են պետական բյուջեի քննարկման ժամանակ»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Անդրադառնալով դիտարկումներին, թե սա այն հարցը չէ, որ պետք է քննարկվի հրատապ և արտահերթ ռեժիմով՝ Նաղդալյանն ընդգծեց, որ հրատապ ոչինչ չկա, իսկ տվյալ նախագիծը, շուրջ 5 ամիս օրակարգում լինելով, կառավարության որոշմամբ ընդգրկվել է արտահերթ նիստի քննարկման օրակարգում, քանի որ գարնանային նստաշրջանում քաղաքական օրակարգը թույլ չէր տալիս քննարկել օրենսդրական նախաձեռնությունները:
Ազգային ժողովը քննարկում է «Պետական գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում' տրանսպորտի տեխնիկական սպասարկման եւ նորոգման, արարողակարգային ծախսերի, այդ թվում' պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման ծախսերը իրականացնել գաղտնիության պայմաններում: