Մայիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Ժակ Ֆորին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեց ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով ս.թ. փետրվարի 5-ի հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց շփման գծում տեղի ունեցած հիմնական պատահարները, ինչպես նաև լարվածության թուլացման և փոխվստահության հաստատման հեռանկարների մասին իր նկատառումները: Կարևորելով Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպումները, Սեյրան Օհանյանն ավելացրեց, որ հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քաղաքական որոշում պետք է ամրապնդված լինի ռազմական ոլորտի հիմնավորված մասնագիտական ու փորձագիտական եզրակացություններով:

 

Հանդիպման ընթացքում դեսպան Ժակ Ֆորը, որպես իրեն փոխարինող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, ներկայացրեց Պիեռ Անդիոյին: