Բրյուսելում' ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մայիսի 20-ին տեղի է ունեցել «28+1» Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները: Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով:
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին:
Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշել է, որ արդեն պատրաստ է Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ 2014-2016թթ. ծրագիրը և հույս է հայտնել, որ այն շուտով կհաստատվի ու կսկսի իրականացվել։
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձել է պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այդ համատեքստում կարևորել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդամ տասնհինգ երկրների ներկայացուցիչներ դրական են գնահատել Հայաստանի և Դաշինքի միջև 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ փոխգործակցությունը և արձանագրված արդյունքները: Ելույթ ունեցողները գոհունակություն են հայտնել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ:
Այնուհետև նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի, Ուկրաինական ճգնաժամին, պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու անդամ երկրների դեսպանները վերահաստատել են Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու պատրա ստակամությունը:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Գործընկերություն հանուն խաղաղության Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, են մտքեր փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ: