Ադրբեջանի Քրեական օրենսգրքում պետական դավաճանության համար ազատազրկման առավելագույն պատժի ժամկետը 10-15 տարուց հասցվել է 12-20 տարվա: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

Օրեսնդրական փոփոխության առնչությամբ Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը լրագրողներին հայտնել է, որ փոփոխություններ են արվելու նաեւ «Պետական գաղտնիքի մասին» եւ «Հետախուզական եւ հակահետախուզական գործունեության մասին» օրենքներում:

 

Նրա խոսքով' վերջերս ԶԼՄ-ները սենսացիոն տեղեկություններ են տարածում' դրանք ուղղելով որոշակի շրջանակների, որպեսզի ազդեն Ադրբեջանում հասարակական կարծիքի վրա:

 

Նա խիստ քննադատության է ենթարկել Կարմի Խաչի կազմակերպությանն այն բանի համար, որ մարդասիրական գործունեության անվան տակ այն Ադրբեջանում զբաղվում է լրտեսությամբ:

 

«Տեսեք, անգամ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն «Ազադլըգ» ռադիոկայանին մի բան է ասում, իսկ մյուս ԶԼՄ-ներին' այլ բան: Դա ուղղված է այն բանին, որպեսզի Ադրբեջանին հակադրի Ռուսաստանին», -ասել է ադրբեջանցի պատգամավորը եւ հավելել, որ «Ադրբեջանում անհրաժեշտ է խստացնել պատիժը լրտեսության համար եւ ուժեղացնել դրա դեմ պայքարը»: