ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 23-ին ներկա գտնվեց «Վերջին զանգի» տոնական միջոցառման Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում: Նախարարի համար դպրոցի ընտրությունը պատահական չէր. նա էլ իր առաջին քայլերը սկսել էր հենց այս դպրոցից: «Թույլ տվեք ողջունել իմ կրթական մայր օջախին' Պուշկինի անվան դպրոցին, և հույս հայտնել, որ երկար տարիներ, տարբեր սերունդներ իրավունք կունենան այստեղ գալ և ձեզ ներկայանալով ասել. «Այո, ես ավարտել եմ այս դպրոցը և իմ հիմնական կրթական հաջողությունները սկսել են հենց այստեղից»»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց Մուրադյանը:

 

Նա ասաց, որ առանց հուզմունքի չի կարող շրջանցել այն ապրումները, որոնք արթնանում են այս դպրոց մտնելիս: «Բազմաթիվ ուսուցիչների անուններ, դասասենյակներ, միջանցքներ մեկ ակնթարթում վերհիշելով' մեկ անգամ ևս հաստատում են իմ խորը երախտագիտությունը այս կրթօջախի հանդեպ»,- ասաց նախարարը' մեկ առ մեկ հիշելով բոլոր այն ուսուցիչների անունները, ովքեր տարբեր տարիներին դասավանդել են իրեն:

 

Նա հույս հայտնեց, որ ուր էլ այս դպրոցի շրջանավարտները գնան, ինչ հաջողությունների էլ հասնեն, չեն կորցնի այն մարդկային տեսակը, որի ձևավորման գործում իր մեծ ներդրումն ունի Պուշկինի անվան դպրոցը: «Անսպառ բարություն, հանդուրժողականություն եմ մաղթում: Եվ որպես բժիշկ' ցանկանում եմ, որ լինեք նաև առողջ»,- ասաց նախարարը: Նա նաև պատմեց, որ հետագայում, բժշկության մեջ առաջին քայլերն անելիս, ավարտական դասարաններում ստիպված է եղել կրթություն ստանալ այլ դպրոցում' հեռակա ուսուցմամբ և աշխատել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում որպես սանիտար:

 

Տոնական միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Մուրադյանը պատմեց, որ դպրոցն ավարտել է 1988 թվականին: «Հիշողությունները ոչ միայն շատ ջերմ են, այլև հուզիչ' հաշվի առնելով, որ այսօր այստեղ ներկա էին ոչ միայն շրջանավարտները, այլև նրանց ծնողները, որոնցից շատերին ես ճանաչում եմ»,- տպավորություններով կիսվեց Մուրադյանը' ավելացնելով, որ իր ծնողների հետ կապված շատ ջերմ հիշողություններ միանգամից առաջացան, երբ մտավ դպրոց: «Այս դպրոցը իր պատմության մեջ բազմաթիվ սերունդներ է դաստիարակ ել և կրթել, և նրանք այսօր հաջողությամբ աշխատում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Շրջանավարտները' կամ այլ կերպ ասած' «պուշկինոսֆերան» անշուշտ իր ուրույն տեղն ունի մեր քաղաքում արժեքներ ձևավորելու գործում: Ես հպարտությամբ եմ հիշում իմ դպրոցը, դասարանցիներին, ուսուցիչներին և այն ժամանակահատվածը, երբ հաճախ ուզում էի դպրոցից շուտ դուրս գալ, փախչել դասերից, բայց այսօր մի պահ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այս շենքից դուրս գալ չեմ շտապում»,- հավելեց նախարարը:

 

Նրան և շրջանավարտներին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին նաև առաջին դասարանցիները' ասելով, որ պուշկինցին հավատարիմ պետք է մնա իր սկզբունքներին:

 

Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանն, ուղղելով իր խոսքը շրջանավարտներին, նշեց, որ ավարտվում է կրթություն ստանալու գործընթացն այս դպրոցում, սակայն չի ավարտվում գիտելիքների ձեռքբերման կարևոր գործընթացը: «Ես համոզված եմ և հավատում եմ, որ ուր էլ լինեք, որտեղ էլ սովորեք, կշարունակեք հարստանալ մեր գիտելիքներով: Կշարունակեք նորի և կատարյալի ձեր որոնումները»,- ասաց Ստեփանյանը' հույս հայտնելով, որ առաջիկայում ականատես կլինեն աշակերտների նոր հաջողություններին և հաղթանակներին:

 

Նախարարը դպրոցի տնօրենի, ինչպես նաև փոխտնօրեն Մարիետա Մատղաշյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցով' ծանոթացավ ժամանակակից տեխնիկայով հագեցած գրադարանին: Տոնական միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը շրջանավարտներին:

 

Պուշկինի անվան միջնակարգ դպրոցն այս տարի ավարտեց 126 շրջանավարտ' 9-րդ դասարանցի, ովքեր իրենց ուսումը կշարունակեն ավագ դպրոցում: Բացառության կարգով տոնական միջոցառմանը ավարտական դիպլոմ հանձնվեց աշակերտ Վիլեն Մնացականյանին, ով մեկնելու էր արտերկիր: Նա ուսուցիչների գնահատմամբ' միշտ բարձր է պահել դպրոցի պատիվը: Ցերեկույթն ավարտվեց կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հեղինակած «Ангел-хранитель мой» երգով, որին զուգընթաց ցուցադրվեցին կադրեր դպրոցի անցած ուղուց:

 

Շրջանավարտներից շատերը իրենց «Վերջին զանգը» դիմավորեցին արցունքներն աչքերին: