Երեկ Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը (РТР1) երեկոյան եթերում, մեղմ ասած, անարգանքի ակտ իրագործեց ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ՝ ցուցադրելով ուղղափառ հարկատուների փողերով նկարահանված և Ալեքսանդր Պրոխանովին նվիրված վավերագրական կինոնկարի հերթական մասը։ Ֆիլմը կոչվում էր «Կայսրության զինվորը», այն մեկ դերասանի թատրոն էր, որն էլ ընկեր Պրոխանովն էր։ Պատմում էր իր մասին, ԽԱՀՄ-ի չհաջողված փրկությանն իր մասնակցության մասին, խոսում էր դավաճան Յակովլևից և էլի շատ բաներից։ Այս ամենը կարելի կլիներ հասկանալ (ի դեպ, պրն Պրոխանովի շատ դիրքորոշումներ համահունչ են իմ դիրքորոշումներին, օրինակ՝ նրա հակալիբերալիզմը), եթե Պրոխանովը ուղղափառների փողերով նկարահանված ֆիլմում չխոսեր հայերի մասին։ Նախ՝ ասաց և քիչ մնաց ապացուցեր, որ առաջին ջարդերը հայ-ադրբեջանական հակամարտությունում իրականացրել են հայերը դեռ մինչև 1988թ.։ Պատմեց Հայաստանում մի ադրբեջանական անկլավի մասին, որտեղից հայերը վռնդել են խեղճ ադրբեջանցիներին, որոնք բոբիկ ու տկլոր, սառած ու քաղցած, համարյա թե ոտքով հասել են Սումգայիթ։ Իսկ քաջարի ասկյարները, սարսափից ոռնալով, սկսել են սիրալիր խնդրել հայերին, որ հեռանան իրենց փառապանծ քաղաքից։ Պրոխանովի բնածին լկտիությունը պարզապես ինֆարկտի կարող է հասցնել նորմալ հայերին, էլ չեմ ասում աշխարհաքաղաքական նրբությունների մասին։ Չէ՞ որ բոլորը գիտեն ու որևէ կողմ (լինի ԿՀՎ-ն, ԿԳԲ-ն, Մի-6-ը, թե Մոսադը) կասկածի էլ չի ենթարկում այն, որ ղարաբաղյան շարժումը Հայաստանում բռնկվեց միայն 1988թ. փետրվարին, մինչ այդ էկոլոգիական բողոքի ինչ-որ ցույցեր էին եղել, իսկ արդեն փետրվարի երրորդ տասնօրյակում սկսվեցին սումգայիթյան ջարդերը։ Հետո կայսրության «ուռոդը» իր կեղտոտ խոզի ջանդակին նվիրված ֆիլմում ասաց ու քիչ մնաց ապացուցեր, որ Ղարաբաղը աթադան-բաբադան ադրբեջանական հող է։ Հետո սկսեց խոսել պատերազմի մասին ու հասավ մինչև Վիկտոր Պոլյանիչկո, որին ներկայացրեց որպես «հզոր կուսակցականի», ձիու պոչից կապված զբոսանքով մահապատժի ենթարկված Նաջիբուլայի վարժապետ։ Պոլյանիչկոն աչքի էր ընկել նրանով, որ Նաջիբուլայից հետո դարձել էր Բաքվի բեյերի վարժապետ՝ որպես Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար և այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի կազմկոմիտեի» ղեկավար, որը, ինչպես հայտնի է, զբաղված էր հայ բնակչության բռնի տեղահանմամբ, ինչի համար էլ մի քանի անգամ հայերի կողմից մահվան է դատապարտվել (Պոլյանիչկոն հետո մահապատժի ենթարկվեց ինգուշների կողմից 1993թ., ինգուշները նրա վրա 15 գնդակ էին ծախսել, ավելի պակասին ոչ մի կերպ չէին համաձայնում)։
Դե, իսկ հետո կայսրության «ուռոդը» սկսեց խոսել... ուղղափառության մասին (ի դեպ, նա մշտապես հրապարակավ «հաստատում» է իր «ուղղափառությունը»)։ Պետք է ասել, որ սա արդեն լկտիություն չէ և ոչ էլ սրբապղծություն, սա շա՛տ ավելին է։ Իրեն ուղղափառ, այսինքն՝ արևելաքրիստոնեական քաղաքակրթությանը պատկանող զավակ է համարում այն մարդը, որն արդեն քանի տարի տառացիորեն մարտնչում է իր երկրի միակ քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական (Բելառուսից բացի) դաշնակցի դեմ։ Ի՞նչ է սա նշանակում։ Միայն մի բան, որ պրն Պրոխանովը ուռոդ է։ Այսպես, հանրահայտ է, որ պատմական արդարությունն ու ճշմարտությունը բալկանյան հակամարտությունում եղել են ուղղափառ սերբերի կողմում, բայց ոչ մի գերմանացի, արևմտյան քրիստոնեության կրող ոչ մի եվրոպացի չկանգնեց սերբերի կողքին, և բոլորը պաշտպանեցին կաթոլիկ խորվաթներին միայն այն պատճառով, որ նրանց միջև քաղաքակրթական անդունդ գոյություն ուներ։ Քաղաքակիրթ Եվրոպան և ողջ արևմտյան աշխարհը գիտակցաբար հաշտվեցին պատմական անարդարության հետ, քանի որ դա նրանց, այսպես ասենք, գենետիկ պարտքն էր։ Ճիշտ նույն կերպ էլ այսօր իրենց գենետիկ պարտքն են կատարում թուրքերն ադրբեջանցիների հանդեպ։ Դրա համար էլ կարելի է ինչ-որ կերպ հասկանալ ու արդարացնել ինչպես թուրքերին՝ իրենց հակահայկական դիրքորոշման, այնպես էլ արևմտաեվրոպացիներին՝ ուղղափառ սերբերի հանդեպ իրենց, մեղմ ասած, անմարդկային վերաբերմունքի համար։
Բայց ինչպե՞ս հասկանանք ռուս մարդուն, որը ոչ միայն իր միակ դաշնակցի թշնամու կողմն է բռնել, այլև անարգում է ճշմարտությունն ու խեղաթյուրում պատմությունը հօգուտ թշնամու։ Կարծում եմ՝ պետք է այսպես հասկանալ. Պրոխանովը ուռոդ է, իսկ ուռոդը քայլող մսագունդ է՝ մարդկային ինչ-որ հատկանիշներով, անցեղ ու անտոհմ, որ մշակույթ չունի, չի գիտակցում իր ինքնությունը, իր քաղաքակրթական պատկանելությունը։ Այս է ամենը։
Բայց փառահեղ Ռուսիայում, ինչպես և ամենուր, ուռոդները լիքն են։ Հարցն այն է, թե ինչու է պետք նրանց դաշնային ալիքների եթեր տրամադրել։ Եվ ո՞րն է նրանց հանրահռչակելու իմաստը։ Չէ՞ որ հայտնի է, որ РТР-ն ամենևին էլ Hustler-ը չէ, որտեղ ամեն տեսակ այլասերվածություններ թույլատրվում են, ներառյալ արյունապղծությունն ու մանկական պոռնոգրաֆիան։ РТР-ը դաշնային պետական ալիք է, որը տասնյակ երկրներում հարյուր միլիոնը գերազանցող լսարան ունի, և որն իրավունք չունի հակառակ գնալ պետության պաշտոնական դիրքորոշմանը տեղեկատվական-վերլուծական բլոկում և քաղաքական-գաղափարախոսական համատեքստում։ Իսկ Պրոխանովի մենախոսությունն ամենևին էլ գեղարվեստական ֆիլմ չէր, դա, ըստ էության, հեղինակային քաղաքական հաղորդում էր, թեև նկարահանված փոքր-ինչ այլ ձևով։
Կարծում եմ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը պետք է բարձրացնի РТР-ով Պրոխանովի հանրահռչակման հարցը գոնե ՌԴ դեսպանի առջև։ Դա ճիշտ կլիներ թեկուզև այն պատճառով, որ, նախ, Պրոխանովի երեկվա մենախոսությունը բացահայտ թշնամական գործողություն է ՌԴ ռազմավարական երկու դաշնակիցներից մեկի դեմ, երկրորդ՝ Հայաստանի տարածքում ոչ մի տեղ պաշտոնապես կամ կիսապաշտոնական ձևով հակառուսական ոչ մի գաղափար չի հնչեցվել (բացի Ռուս-հայկական համալսարանի ասպարեզից, որտեղ այդ հաստատության ռեկտորի՝ փառապանծ Արմենչիկ Դարբինյանի նախաձեռնությամբ ուկրաինացի նացիոնալիստներն ու ամերիկյան սովետոլոգները ռուսատյաց դասախոսություններ են կարդում ուսանողների համար գոլոդոմորի և այլ բաների մասին, բայց սրանում նախարարն արդեն մեղավոր չէ, քանի որ Արմենչիկ Դարբինյանը ղեկավարում է կիսառուսական բուհ, միևնույն ժամանակ անձեռնմխելի մեկն է, Ռուսաստանում շատ մեծամեծ մարդկանց սիրեցյալը)։
Բայց չարժե սպասել, որ ՀՀ արտգործնախարարն իրական գործ կանի ու կկատարի իր ծառայողական պարտավորությունները։ Դրա համար էլ արտահայտում ենք մեր դիրքորոշումը համաշխարհային ցանցում՝ այն հույսով, որ ինչ-որ մեկը ՌԴ դեսպանի գիտությանը կհասցնի խնդրի մեր տեսլականը, մեր կարծիքը նման գործողությունների անթույլատրելիության մասին։ Քանի որ Պրոխանովի հակահայ դիրքորոշումը ոչ մեկին պետք չէ, դրանից օգուտ լինել չի կարող, իսկ ահա լուրջ բացասական հետևանքների հասնել հայ-ռուսական միջհասարակական (ոչ պաշտոնական) հարաբերություններում միանգամայն հնարավոր է։
(Խմբագրության կողմից.- թույլ նյարդեր ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել Պրոխանովի «մենախոսությունը»)։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»