Ռուսական կողմը բարձր է գնահատում Հայաստանի քայլերը դեպի Մաքսային միություն: Այս մասին պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում նշեց առևտրի նախարար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնյովը:

 

«Մենք ընդգծում ենք Հայաստանի բարձր պատրաստակամությունը: Իսկապես, ճանապարհային քարտեզը, որ ընդունվել էր, շատ լավ է իրագործվում: Այստեղ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել հայկական կողմին' որակյալ, հետաքրքրված, ճշգրիտ աշխատանքի համար: Մենք մտածում էինք, որ այս քննարկման գործընթացը բավականին բարդ կլինի և ոչ այնքան անխնդիր, բայց, կարող եմ ասել, որ մտահոգությունները չիրականացան, ամեն ինչ այնքան էլ վատ չի ընթանում և, ընդհանուր առմամբ, չկան խոչընդոտներ, որպեսզի մենք աշխատանքը մոտակա ամիսներին ավարտենք: Եվ միացման վերաբերյալ բոլոր ֆորմալ խոչընդոտները հանվել էին»,- ընդգծեց Սլեպնյովը:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամը հույս հայտնեց, որ մոտակա ժամանակներում պատրաստ կլինի նաև ՄՄ-ին անդամակցության Ղղրղզստանի ճանապարհային քարտեզը: Նա հավելեց, որ իրականացվում է Մաքսային միության ընդլայնման բնականոն գործընթաց:

 

Պաշտոնյան հավելեց, որ 2015 թվականին Մաքսային միության երկրների համար կգործի միասնական շուկա: