Ռուսաստանի Դաշնության միգրացիայի մասին օրենքը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր երկրներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը: Նրա խոսքով' օրենքը վերջերս օրենսդրական փոփոխության ենթարկվեց, սակայն փոփոխություններն այնքան էլ էական չեն :

 

«Տարբերությունները էական չեն: Եթե նախորդի ժամանակ Ռուսաստանում 90 օր մնալուց հետո մարդը պետք է գնար թեկուզ մի քանի օրով, այնուհետև նորից մուտք գործեր Ռուսաստան, այժմ սահմանափակված է մնալ 90 օր, մեկնել ևս 90 օրով և կրկին հնարավորություն կունանա վերադառնալ: Սակայն եթե ունես օրինական աշխատանքային պայմանագիր, կարող ես մնալ Ռուսաստանում' պայմանագրի ժամկետի համաձայն»,-նշեց Ռուբեն Եգանյանը:

 

Եգանյանն ընդգծեց, որ օրենքի փոփոխությունը նորույթ ունի: «Նորույթն այն է, որ եթե խախտել ես ՌԴ միգրացիոն օրենսդրությունը, ապա պետութոյւնը կարող է 3-5 տարով արգելափակել քո մուտքը Ռուսաստան: Եթե նախկինում հնարավոր չէր խախտում կատարած անձին տարբերակել չկատարածից, ապա այսօր դա հնարավոր է: Եթե նախկինում մարդը խախտել էր օրենքը, միգրացիոն աշխատակիցը կարող էր գումար վերցնել, աչք փակել, սակայն այսօր նման «անհատական» հնարավորություն չկա. բոլոր նրանք, ովքեր խախտում են գործել, մուտքի արգելափակման են ենթարկվում»,- ընդգծեց Ռուբեն Եգա նյանը:

 

Ժողովրդագրագետն ընդգծեց, որ 3-5 տարով մուտքի արգելափակման են ենթարկվել նաև Հայաստանի 200-220 հազար քաղաքացիներ, նրանց մի մասն արդեն Հայաստանում է և ՌԴ մեկնել չի կարող: Նա միգրանտներին առաջարկում է թարմացնել հիշողությունը' վարչական խախտումներ ունեցե՞լ են, թե՞ ոչ, այլապես նոր օրենքի հիման վրա հնարավոր է' նրանց թույլ չտան մտնել երկիր: Երկու անգամ խախտում կատարելու դեպքում կարող է արգելափակել իրենց մուտքը Ռուսաստան:

 

«Հայաստանի վերաբերյալ որևէ էական տեղաշարժ չի կատարվել օրենքում' որոշակի զիջումներ կատարելու առումով»,- ընդգծեց Եգանյանը: Բանախոսը ենթադրում է, որ տեղաշարժ հնարավոր չէ, միգուցե լուծումներ կլինեն Մաքսային միության շրջանակում: