Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գերմանիա շարունակում է դժգոհությունների պատճառ դառնալ: Շատ լրատվամիջոցներ այս այցելության կապակցությամբ տարբեր հոդվածներ են տեղադրում, որոնցով շարունակում են քննադատություններ հնչեցնել Թուրքիայի վարչապետի ու թուրքական իշխանությունների հասցեին: Ինչպես հաղորդում է  թուրքական Haberler.com-ը, գերմանական հայտնի և ամենավաճառվող Bild պարբերականը բաց նամակ է հրապարակել, որի վերնագրում նաև թուրքերենով նշվում է. «Բարով չեք եկել, այստեղ ցանկալի չեք»:

 

Bild-ի հրապարակած բաց նամակում մասնավորապես ասվում է. «Գերմանիան ազատ երկիր է, այստեղ ամեն ոք կարող է ազատորեն արտահայտել իր մտքերը: Այս պատճառով չենք կարող արգելել Ձեր ելույթը, սակայն մեկ անգամ ևս իմացեք, որ բարով չեք եկել, այստեղ ցանկալի չեք»:

 

Բաց նամակում զանազան քննադատություններ են հնչեցվում թուրքական իշխանությունների հասցեին' կապված Սոմայի ածխահանքի վթարի, Գեզիի դեպքերի հետ: «Մենք ժողովրդավար, ազատությունը սիրող, բազմազանության հետ միասին ապրող մի երկիր ենք: Այստեղ օրենքները գործում են նաև քաղաքական գործիչների համար»,- ասվում է գերմանական պարբերականի բաց նամակում:

 

Մայիսի 24-ին Էրդողանը Քյոլնում ելույթ կունենա «Լանքսես» արենայում: Արդեն հայտնի է, որ քաղաքում Թուրքիայի վարչապետի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվում, որոնց մասնակիցների թիվը հասնում է 30 հազարի: Հաշվի առնելով հնարավոր անախորժությունները` գերմանական իշխանություններն անվտանգությունը ապահովելու համար 6 հազար ոստիկանների են կենտրոնացրել: