Այսօր լրատվամիջոցներում տարածվեցին և մեծ արձագանք ստացան ստամոքսաաղիքային տրակտի խոցերի ժամանակ օգտագործվող սայտոտեկ դեղորայքի մասին լուրերը, որը հայ կանանց, իսկ վերջերս՝ նաև դեռահաս աղջիկների կողմից գործածվում է որպես հղիությունից ազատվելու միջոց:
«Հղիության դեղորայքային ընդհատումն ամբողջ աշխարհում փոխարինել է վիրաբուժական ընդհատմանը: Հայաստանի Հանրապետությունում ևս մշակվել են չափորոշիչներ. նախարարի հրամանով հաստատվել է հղիության դեղորայքային ընդհատման կարգը, որն իրականացվում է 2 դեղորայքի միջոցով՝ միֆեպրիստոնի ու սայտոտեկի (միզոպրոստոլ), ընդ որում, դրանք պետք է օգտագործել հաջորդաբար, ոչ թե ընդունել միայն սայտոտեկ դեղահաբը: Բայց, դժբախտաբար, հղիները բժշկական հաստատություններ դիմելու և բժիշկների հսկողությամբ դեղորայքը ստանալու փոխարեն պարզապես գնում են այդ դեղահաբը և ինքնուրույն օգտագործում: Սայտոտեկ կոչվածը հիմնականում հակախոցային դեղահաբ է, օգտագործվում է ստամոքսաաղիքային տրակտի խոցերի ժամանակ: Բայց այդ դեղի կողմնակի ազդեցություններից մեկը հղիության արհեստական ընդհատումն է: Այն քիչ դեղերից է, որի կողմնակի ազդեցություններից մեկը կիրառման համար դառնում է ճնշող: Ամբողջ խնդիրն այստեղ այդ դեղն ինքնուրույն օգտագործելու մեջ է, ինչն, իհարկե, հանգեցնում է որոշակի բարդությունների»,-այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Մոր և մանկան առողջության պահպանման վարչության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Հարցին, թե ինչ բարդություն կարող է այդ դեղահաբն առաջացնել, վերջինս նշեց միայն արնահոսությունը, իսկ անպտղության առաջացումը բացառեց: «Ամբողջ աշխարհում ապացուցվել է, որ այն անվտանգ միջոց է: Արդեն 6 մլն կին դիմել է դեղորայքային ընդհատմանը, և համեմատած վիրաբուժականի հետ՝ բարդություններն ավելի փոքր են կազմում»:
Բժիշկը հորդորում է հղիներին խուսափել դեղորայքն ինքնուրույն օգտագործելուց, քանի որ դա կարող է հանգեցնել արնահոսության և այլ բարդությունների: Եթե բժշկի հսկողությամբ օգտագործվի, արդյունավետ և անվտանգ մեթոդ է: Բժիշկը կոչ է անում կանանց նախ խուսափել անցանկալի հղիություններից, օգտագործել հակաբեղմնավորիչներ. դրա համար կարող են ստանալ խորհրդատվություն և անվճար ստանալ հակաբեղմնավորիչներ: Իսկ եթե կինն, այնուամենայնիվ, հղիացել է, պետք է դիմի բուժհաստատություն, որ ավելի գրագետ և արդյունավետ կատարվի հղիության ընդհատումը՝ երկու դեղամիջոցով միաժամանակ, ոչ թե միայն սայտոտեկով: «Այնտեղ խնդիրներ կան, ժամկետներ կան, հակացուցումներ կան, բայց երբ հարևանուհու կամ ընկերուհու խորհրդով ինքնուրույն գնում են այն, դեղահաբը կարող է հակազդեցություն ունենալ,և երբ սկսվում է արնահոսություն, նոր դիմում են բժշկին»,-հավելեց Գայանե Ավագյանը:
Այն դիտարկմանը, թե հղիները դիմում են ինքնուրույն օգտագործելու մեթոդին այն պատճառով, որ բժշկին այցելելը թանկ հաճույք է, վերջինս նշեց. «Ո՛չ, ի՞նչ տարբերություն: Նույն արժեքն ունեն: Գործընթացը պետք է անպայման հսկվի, այդ դեպքում բժիշկը երկու դեղամիջոց կգրի, և ոչ թե միայն սայկոտեկը, որն ավելի էժան է»: