Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Մոսկվայից երևան թռչող օդանավը, որի մեջ էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում:
Ինչպես պարզվել է ավելի ուշ, օդանավը պատկանում էր ռուսական խոշորագույն ավիափոխադրող «Աէրոֆլոտ» ընկերությանը: Թռիչքից 40 րոպե անց օդաչուներն ինքնաթիռի ուղեբեռային հատվածում ծխի մասին ազդանշան են ստացել, որից հետո որոշում էր կայացվել վերադառնալ մեկնման օդանավակայան:
Airbus A321 տեսակի ինքնաթիռում գտնվում էին 161 ուղևոր և 8 հոգանոց անձնակազմը:
Միջադեպի կապակցությամբ Times.am-ը առավոտից փորձում է մանրամասներ ճշտել «Աէրոֆլոտի» հայաստանյան ներկայացուցչությունից, սակայն ապարդյուն: Լսելով մեր հարցը՝ ավիափոխադրողի գրասենյակում խնդրեցին քիչ ավելի ուշ զանգել, որից հետո նրանց հեռախոսները դարձան անհասանելի՝ կա՛մ զբաղված են, կա՛մ պատասխանող չկա:
Իսկ ավելի ուշ գրասենյակի աշխատողը ասաց, որ պատասխանատու անձը տեղում չէ և այս պահին հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալուց: