Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մայիսի 26-ին ընդունել է Եկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և ԵԿՄ վարչության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Հանդիպման սկզբում տիար Մանվել Գրիգորյանն իր երախտագիտությունն է հայտնել Նորին Սրբությանը մայիսի 8-ին' Երկրապահի օրը, Մայր Տաճարում և հայաստանյան թեմերի եկեղեցիներում մատուցված սուրբ և անմահ Պատարագի ու զոհված ազատամարտիկների հոգիների հանգստության համար կատարված հոգեհանգստյան կարգի համար: Ապա ԵԿՄ վարչության նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոսին է փոխանցել ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը:
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունն է արտահայտել պարգևի հանձնման առիթով' այն ընդունելով իբրև հայոց նվիրյալ զավակների ամենաթանկ զոհաբերության' Հայրենիքին նվիրաբերված կյանքի և հեղված արյան խորհրդանիշ: Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին և միության անդամներին' անդրադառնալով այն անձնվեր ծառայանվիրումին ու ներդրմանը, որ երկրապահներն ունեցել են Արցախի ազատագրման և Մայր Հայրենիքի սահմանների անխաթար պահպանման նվիրական գործում: Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթել է, որ ԵԿՄ վարչության շարքերը միշտ ամրակուռ լինեն, և երկրապահները միասնական ոգով, հայրենասիրական ջերմ զգացմունքներով շարունակեն իրենց ծառայությունը բերել ի խնդիր հայ ժողովրդի ազատ կյանքի պահպանության և նվիրական իղձերի իրագործման:
Հայոց Հայրապետը վստահությամբ ընդգծել է նաև, որ հայրենասիրական ոգին մշտապես բոցավառ կերպով փայլատակելու է հայ ժողովրդի հոգում, իսկ պատմությունն ու հերոսական կերպարները շարունակ ոգշնչելու են հայորդիներին իրենց բարի արարումներում ի սեր Հայրենիքի բարօրության ու պայծառության:
Զրույցի ընթացքում ներկայացվել են նաև ԵԿՄ կրթական ծրագրերը' ուղղված երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը: