Պատմությունն ու դարերի անդրադարձը իր համակարգված և պատմական սահմաններից դուրս է գալիս, երբ ոտքդ դնում ես կարոտ դարձած հողի վրա: Ավելի լավ ես հականում, որ պատմության կրողը դու ես, որ պատասխանատու ես պատմական ճշմարտության և քո` իբրև հայ անհատիդ առջև:

 

Հայրենասիրությունը անկեղծություն է ակնկալում, և երբ գաղափարական կաղապարից դուրս ես գալիս և հայտնվում այս տարածքներում՝ զգալով հեռացած հայրենիքդ սեփական ձեռքերիդ մեջ, շնչիդ և աչքերիդ առջև, հասկանում ես, որ իրականություն է քեզ անհրաժեշտ. ոչ միայն ուզում ես լսել նրա մասին, այլ նաև զգալ և ապրել նրանով:

 

Առաջին կանգառը Անին էր:

 

Ամեն քայլի հետ ավելի ու ավելի ես համոզվում, որ քո հողի վրա ես կանգնած, և ոչ մի օտար բան չկա: Անցնող ժամանակն ու բաժանող սահմանն անգամ չեն փոխում այն, որ Անին մերն է:

 

Հայաստանի ամենահռչակավոր մայրաքաղաքներից է եղել Անին` ամենանշանավոր քաղաքներից մեկը, երկրի տնտեսական ու մշակութային կենտրոնը: Ունեցել է մոտ 100 հազար բնակիչ: Այն մայրաքաղաք է եղել 961-1053 թվականներին` Բագրատունի թագավորների օրոք: Արքունիքը Կարսից Անի է տեղափոխել Աշոտ Երրորդ Բագրատունին:

 

 

Այնուհետև եղանք Վանում:

 

Հայոց առաջին մայրաքաղաքը եղել է Վանը: Վանա լճի ափին գտնվող քաղաքը հիմնել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Առաջինը` 2846 տարի առաջ: Քաղաքը սկզբում կոչվել է Տուշպա: Ունեցել է նաև այլ անվանումներ` ինչպես Բիայնա, Երվանդավան, Շամիրամակերտ, Վանտոսպ և այլն:

 

Քաղաքի կենտրոնում կառուցված էր միջնաբերդը, որը հնարավորություն էր տալիս դիմադրել թշնամիներին և քաղաքն անառիկ պահել:

 

Վանա լճի մակերեսն է 3760 կմ քառակուսի, ամենալայն հատվածի երկարությունը 51 կմ է, երկարությունը՝ 119 կմ, ամենամեծ խորությունը՝ 145մ: Վանա լճի հայելին մոտ 2,5 անգամ մեծ է Սևանա լճի հայելիից: Լիճը սկիզբ առնող գետեր չունի, ունի 4 թափվող գետ:

 

 

Վերջին կանգառը Կարսն էր:

 

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 - 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։

 

Քաղաքում վեր է խոյանում Առաքելոց եկեղեցին, որը կառուցել է Աբաս Ա Բագրատունին։

Ն. Ա.

Ազատուհի Արասխանյան