168.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խուսափում է հանդիպել կուսակիցներին: Ըստ հրապարակման՝ պատճառն այն է, որ կուսակցության անդամները բողոքում են, որ իրենց համար պարզ չէ, թե ինչ են անելու ընտրությունների ժամանակ և հատկապես ընտրություններից հետո. դառնալու են արմատական ընդդիմությո՞ւն, իշխանությունից բաժի՞ն են ստանալու, թե՞ շարունակելու են ներկա անորոշ՝ այլընտրանքային պահվածքը, և այս հարցերի պատասխանները չունի անգամ ինքը Ծառուկյանը:
Լուրեր.com-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հրապարակված տեղեկությունը կատարյալ զավեշտ համարեց. «Փորձեմ հանգստացնել «Բարգավաճ Հայաստանի» հոգսերով, խնդիրներով բոլոր մտահոգվողներին, որ «Բարգավաճ Հայաստանը» հրաշալի գիտի իր անելիքը: Գրեթե ամեն օր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, քաղխորհրդի անդամները, կուսակցության անդամները հանդիպում են պարոն Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր առաջիկա գործունեության հետ կապված խնդիրները»,-ասաց Զոհրաբյանը' հավելելով, որ այսօր ինքը և ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների հետ միասին հանդիպել են պարոն Ծառուկյանի հետ: