Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ավելորդ է համարում սահմանադրորեն ամրագրված իրավունքների գերակայությունը, եթե դրանց պաշտպանության երաշխիքներ ապահովված չեն: Պաշտպանությունն է, որ իրավունքին հաղորդում է կենսական բնույթ, ինչն էլ պետք է իրականացվի դատական համակարգի միջոցով: Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկման ժամանակ, երբ քննարկվում էր «Դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումները» թեման, այսպիսի կարծիք հայտնեց Գագիկ Հարությունյանը: «Նախորդ քննարկումների ժամանակ մեր բերած բոլոր փաստարկները կամ դրանց լուծման ուղղությամբ բոլոր քայլերը ավելորդ կլինեն մի դեպքում, եթե սահմանադրորեն մենք ամրագրենք իրավունքները, ճանաչենք իրավունքների գերակայությունը, բայց այդ իրավունքները պաշտպանված չլինեն: Եթե իրավունքը պաշտպանված չէ, այն իմաստազրկվում է: Յուրաքանչյուր իրավունք ոչ միայն պետք է ճանաչվի, ամրագրվի, երաշխավորվի, այլև անհրաժեշտ միջոցներով պետք է պաշտպանվի»,- շեշտեց ՍԴ նախագահը:

 

Նրա խոսքով' դժվար թե Հայաստանում գտնվի մի մարդ, ով փոքր-ինչ համոզված ասի, որ Հայաստանի դատական համակարգը լիովին կանոնակարգված է ու բավարարում է բոլոր պահանջներին: «Բոլորս գիտենք, թե ինչ խնդիրներ են առաջանում հանրային պրակտիկայում, բայց շատերը չեն, որ այդ խնդիրների լուծումները տեսնում են համակարգային մոտեցումների մեջ: Նույնիսկ անցած քննարկման ժամանակ մոտավորապես այսպիսի կարծիք հնչեց, որ ամեն ինչ լավ է, մարդիկ են վատը, եթե այս կամ այն դատավորը փոխվի, ամեն ինչ լավ կլինի: Այսպիսի միտքն առնվազն միամտություն է կամ հիմնախնդիրների ոչ լիարժեք պատկերացում, որովհետև, իմ գնահատմամբ, այս ոլորտի մեր կառքն ունի քառակուսի անիվներ ու, որքան էլ կառապանին փոխենք, կառքն էլի նորմալ տեղից չի շարժվի: Սա էլ ունի իր պատճառներն ու բացատրությունները»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

 

Ներկայացնելով ամերիկյան դատական համակարգի իր ուսումնասիրությունները' ՍԴ նախագահը նշեց. «Ես հասկացա, թե այդ դատական համակարգի արդյունավետության գաղտնիքը որն էր: Ամերիկյան դատական համակարգի դեպքում մենք գործ ունենք համակարգի հետ, որը ամբողջական է, ներդաշնակ, որի բոլոր օղակների գործողությունները փոխհամաձայնեցված են, ու այստեղ երաշխավորվում է դատական իշխանության անկախությունը: Դատական իշխանության անկախությունը կայանում է գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության երաշխավորմամբ»,-փաստեց Գագիկ Հարությունյանը' հավելելով, որ ՀՀ-ն ունի դատարաններ, բայց արդարադատություն կարող է ունենալ այն դեպքում, երբ այդ իստիտուտները լիարժեք գործառույթ իրականացնեն: «Մենք բացառիկ կարևորություն ենք տալիս' գործառույթ-ինստիտուտ-լիազորություն շղթային, թե որքանով է գործառույթը լիարժեք իրականացվում համարժեք ինստիտուտի միջոցով, և այդ ինստիտուտը որքանով ունի բավարար լիազորություններ գործառույթը լիարժեք իրականացնելու և այլ ինստիտուտներին իրենց գործառութային դաշտում պահելու համար»,-նշեց նա:

 

Այդ տեսանկյունից անդրադառնալով ՀՀ-ի դատական իշխանության իստիտուտցիոնալ կազմավորումներին ու դրանց փոփոխություններին վերջին տարիներին, առաջին հայացքից աչքի է զարնում, որ համակարգային մոտեցումն աղճատված, ոչ լիարժեք ու ոչ լրիվ է եղել: «Մենք գործ ունենք ինստիտուտների հետ, որտեղ գործառույթի կրկնություն է տեղի ունենում կամ ոչ լրիվ շարունակականություն է առկա: Առաջանում են, այսպես ասած, ստվերային պղպջակներ, առաջանում են վիճակներ, երբ հայեցողությունը դուրս է գալիս տրամաբանական կամ իրավաչափ սահմաններից, որի ժամանակ մեծանում է կոռուպցիոն ռիսկը և սուբյեկտիվ ներազդեցությունը»,- նշեց ՍԴ նախագահը:

 

Նրա հավաստմամբ' փորձեր են արվել այդ խնդիրները մասնակիորեն շտկելու, սակայն դրանք դարձյալ կիսատ են եղել: «Ներկայումս մեր նպատակն է, որ այս խնդիրները հաղթահարվեն: Ճանապարհը երկուսն է' սահմանադրական լուծումների և սահմանադրական երաշխիքների ուղիով, որը հնարավորություն կտա սահմանադրական լուծումները համարժեք ձևով իրականացնել, ոչ թե սահմանադրական նորմները լինեն անորոշ ու անհամապատասխան իրավական որոշակիության սկզբունքին: Բացի դրանից' պետք է փոխվի սահմադրական մոտեցման մեթոդաբանությունը: Մենք գտնում ենք, որ գործառութային հստակեցումներ պետք է լինեն, գործառութային ներդաշնակություն ձևավորվի, որից էլ բխեն կառուցվածքային ու դատարանակազմական լուծումները»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը:

 

Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկումները մեկնակել են մայիսի 20-ին: Քննարկումներին մասնակցում են պետական սեկտորի, հասարակական կազմակերպությունների անդամներ, իրավաբաններ, քաղաքագետներ ու այլ շահագրգիռ անձինք: