Երեկ' Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում մի կետ ավելացնել այն մասին, որ այդ երկիրը դա անում է այն սահմանների շրջանակներում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ում:

 

Նազարբաևը պարզաբանել է, որ, Ադրբեջանի կարծիքով, Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանն այն սահմանների շրջանակներում, որոնցով նա մտել է ԱՀԿ, և որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կողմից: Նա նշել է, որ իրենք նման պահանջով նամակ են ստացել Ադրբեջանի նախագահից:

 

Աստանայում Նազարբաևի հայտարարությունից հետո, Սերժ Սարգսյանը լռեց, ինչը համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց:

 

Հնչեցին կարծիքներ, որ անհրաժեշտ էր պատասխանել Ղազախստանի նախագահին, և որ լռելը շփոթմունքի արդյունք էր: Լուրեր.com-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նման արձագանքները որակեց լրատվական սկանդալային մեկնաբանություն և համոզմունք հայտնեց, որ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ նման հայտարարություն է լինելու:

 

«Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը նախապես տեղյակ էր, որ Ալիևի նամակը կարդալու են, որովհետև դա դիվանագիտական քայլ էր, ֆիքսում էին, որ Ադրբեջանը դիմել է, որ Հայաստանը դե յուրե սահմաններով մտնի Եվրասիական միություն: Համենայն դեպս, ոչ ոք չի ֆիքսում, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև դրվի մաքսային կետ»,- ասաց Քոչարյանը:

 

Այն դիտարկմանը, որ ՄԱԿ-ում ամրագրված սահմաններով Հայաստանը մտել է ԵԽԽՎ, ԱՀԿ, ինչպես նաև մտադրություն կար ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ապա ինչո՞ւ է այսօր նման աղմուկ բարձրացել, Կարոն Քոչարյանը նշեց. «Աղմուկ անողները հիմնականում եվրոպամետ են, այն ժամանակ աղմուկ չէին անում, հիմա անում են: Ընդհանրապես, ավելի ակտիվ մասսան միշտ եվրոպամետ է, որը նաև անհամեմատ քիչ է Հայաստանում»:

 

Հարցին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի արձագանքը, Քոչարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ոչ թե Նազարբաևի հայտարարության հետ կապված, այլ ընդհանրապես, պետք է սկսվի քաղաքական առևտուր: Պետք է մաքսիմալ դիվիդենտներ քաղվի Հայաստանի համար, ընդ որում' թե′ նյութական, թե′ բարոյական:

 

Եթե գնում ենք Մաքսային միություն' գոնե պետք է շատ բան քաղենք, ինչպես անում են Լուկաշենկոն և Նազարբաևը, ոչ թե մտնենք, պարզապես մտնելու համար: