Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարներն ընդլայնում են բիզնես կապերն ու համագործակցության ոլորտները: Աբու Դաբիի Առևտրի պալատի պատվիրակության և հայ գործարարների համատեղ բիզնես ֆորումը կկայանա հունիսի 3-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայության ղեկավար Վրեժ Սարուխանյանը, ֆորումի ընթացքում կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ' արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, տրանսպորտ, շինարարություն, սննդի ծառայություններ, սոցիալական ենթակառուցվածքներ, կանաչապատում և ոռոգում, դեղագործություն, անշարժ գույքի վարձակալություն և կառավարում, ներդրումներ, անասնակերի արտադրություն, դիզայն։ Հայաստան են ժամանելու տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ։

 

Հայաստանը Մաքսային Միությանը անդամակցելու առաջիկա նոր տնտեսահարաբերությունների և մարտահրավերների պայմաններում առավել ևս կարևորվում է արտաքին գործարար կապերի ծավալումը։ Այդ առումով էլ բացառիկ նշանակություն ունի աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրներից մեկի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի հետ ակտիվ գործակցությունը։ Լինելու են բիզնես-շնորհանդեսներ ու կոնկրետ նախապատրաստված հանդիպումներ։

 

Աբու Դաբիի Առևտրի պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Ֆանի Մորրշեդ Ռոմայթին և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը ստորագրելու են համագործակցության համաձայնագիր։