ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 30-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են թիկունքային ապահովման և ռազմաբժշկական ոլորտի ուղղությամբ 2013թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են հետագա խնդիրներն ու անելիքները: Նիստը նախագահել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Բացելով նիստը և կարևորելով թիկունքային ու ռազմաբժշկական ծառայությունների արդյունավետ աշխատանքների անհրաժեշտությունը' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է սահմանային իրավիճակի մասին, անդրադարձել վերջին շրջանում արձանագրված միջադեպերին: Նշվել է, որ սահմանին կանգնած հայ զինվորը լիարժեքորեն կատարում է առաջադրված խնդիրները, զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի բոլոր ոտնձգություններն արժանի պատասխան են ստացել:

 

Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի ոտնձգությունները կանխելու, զգոնություն, վճռականություն, անձնական խիզախություն ցուցաբերելու, բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինվորական բարձր կարգապահության և օրինակելի վարքի համար մի շարք զինծառայողներ կոլեգիայի նիստի ընթացքում պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:

 

Կոլեգիայի նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Զեկույցում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում թիկունքային ապահովման և ռազմաբժշկական ոլորտներում կատարված աշխատանքների առանցքային ուղղությունները, խոսվել է սննդամթերքի, վառելիքա-քսուքային նյութերի և հանդերձանքի մատակարարման, բանակային ու զորային պահեստների, նյութական ապահովման զորամասերի, ստորաբաժանումների բուժկետերի սանիտարահիգիենիկ վիճակի, բժիշկ-մասնագետների պատրաստման, դեղոր այքային ապահովման խնդիրների և այլ ուղղություններին առնչվող տարաբնույթ հարցերի մասին:

 

Եյլույթներ են ունեցել նաև եկել նաև թիկունքային ապահովման ու ռազմաբժշկական ոլորտների մի շարք պատասխանատուներ, զորամիավորումների հրամանատարներ, հրամանատարների թիկունքային ապահովման գծով տեղակալներ:

 

Հնչած զեկույցների ու ելույթների ավարտին հարցադրումներով ու առաջարկություններով հանդես են եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը, Ալիկ Միրզաբեկյանը, կոլեգիայի այլ անդամներ:

 

Ամփոփելով կոլեգիայի նիստ աշխատանքները և կարևորելով թիկունքային ապահովման և ռազմաբժշկական ծառայության դերն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական իրավիճակում' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ուղղությունների պատասխանատուներին' հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար: