Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների քառյակը դեմ կքվեարկի 2013թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ կառավարության նախագծին: Այս մասին քառյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Դեռևս անցած նիստի ընթացքում մենք որոշել էինք 2013թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ նախագծի քվեարկության հարցում միասնականություն դրսևորել: Մենք որոշել ենք միասնաբար դեմ քվեարկել այդ նախագծին»,- ասաց Հակոբյանը:

 

Քառյակի նախորդ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ քառյակը միասնական դիրքորոշում ունի 2013թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծի քվեարկության հարցում:

 

Քառյակի արդեն ավարտված նիստում 12 կետից բաղկացած հայտարարություն է ընդունվել, որի վերաբերյալ քառյակի ներկայացուցիչներն առավել մանրամասն կխոսեն մամուլի ասուլիսի ընթացքում: Ասուլիսը նախատեսվում է անցկացնել առաջիկա քառօրյայի ընթացքում: